Նորություններ

Կոշի 29-ամյա բնակիչը դանակահարել է 4 հոգու

Օգոստոսի 16-ին, ժամը 01.20-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել Կոշ համայնքի բնակիչ, 44-ամյա տղամարդ: Ժամը 02.20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ են ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել Կոշ համայնքի՝ 24-ամյա, և Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի՝ 35-ամյա երկու երիտասարդ:

Ժամը 03.20-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էր ահազանգ ստացվել. կտրած-ծակած, պատռված վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Կոշ համայնքի բնակիչ, 27-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի հանդիսության սրահներից մեկում նույն համայնքի 29 և 44 տարեկան երկու բնակչի միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել երեք երիտասարդները: Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված չորս անձանց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կոշ համայնքի 29-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button