Նորություններ

«Հրամանատարը պատմում է, որ նահանջի հրաման են տվել, Գագիկը ասել է՝թուրքի առաջ ի՞նչ նահանջ». 19-ամյա հերոսի պատմությունը

«Գագիկս շատ զուսպ, ազնիվ, մարդկային ու գաղտնապահ երեխա էր, նրբանկատ էր ամեն հարցում: Էնքան շատ նպատակներ ուներ, բայց պատերազմն ամեն ինչ իր հետ տարավ:

Գագիկս 2019թ. դեկտեմբերի 20-ին զորակոչվեց բանակ, Կապանում էր ծառայում. ասում էր՝ շատ խիստ զորամաս է, կարգ ու կանոն կա: Ուրախ էր, որ Կապանի զորամասում էր ծառայում: Երդմնակալության արարողությանը գնացել էինք, ավելի հասուն էր դարձել, գոհ էր ծառայությունից: Մայիսին գնացել էին զորավարժությունների, Ջրական էին տեղափոխել, իբր պիտի արձակուրդ տային, էն էլ քովիդը սկսվեց, հետո հուլիսին տավուշյան մարտերը, ու էդպես էլ երեխեն չեկավ արձակուրդ: Մտածում էինք, որ սեպտեմբերին արձակուրդ կտան:

Սեպտեմբերին էլի զորավարժությունների էին տարել, Գագիկս մեզ ասաց, որ զորավարժություններից հետո արձակուրդ են տալիս: Սեպտեմբերի 7-ից գնացել են զորավարժությունների, սեպտեմբերի 26-ին որ զանգեց, ասաց՝ որ օտպուսկ գամ, բաներ ունեմ պատմելու: Ես մտածում եմ, որ երեխեքը իմացել են, որ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սկսվելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գագիկ Միկիչյանի տատը՝ Սուսաննա Միկիչյանը:

Գագիկ Սմբատի Միկիչյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 31-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Ինը ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը. սկզբում Կապանում է անցել ծառայությունը, պատերազմից մեկ ամիս առաջ զորավարժությունների նպատակով տեղափոխել են Ջրական: Ժամկետային զինծառայողը եղել է Գրադ կայանի վարորդ:

Գագիկի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 29-ին՝ մի քանի վայրկյանով, 2 բառով. «Լավ մնացեք»: Համառ մարտեր է մղել Ջրականում, զոհվել է սեպտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից: Ժամկետային զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

«Ամսի 27, 28, 29-ին երեք օր իրար հետևից զանգել է, ամսի 30-ից էլ ոչ մի զանգ, էդ օրը օրվա վերջում ԱԹՍ-ի հարվածից զոհվել է:

Պատերազմի օրերին իրեն այնպես էր պահում, որ հանկարծ չմտածենք, որ ինքը պատերազմի մեջ է, հանգիստ էր խոսում, բայց կռվել է Ջրականում, որտեղ կատաղի կռիվներ էին: Ես չէի պատկերացնում, որ իմ թոռը կարող է առաջին գծում լինել…

Ո՞ւմ մտքով կանցներ, որ էս մասշտաբի պատերազմ կլինի, մտածում էինք՝ 3-4 օր, բայց էս ուրիշ պատերազմ էր, էս մեկն անարդար էր, ու մեր երեխեքը անհավասար կռիվ են տվել: Գիտեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, որ մեր երեխեքը հանուն ոչնչի են զոհվել: Մեր երեխեքը կռվել են, պահել են պոստը, հավատացել են, որ իրենց կյանքի գնով, բայց հողը պահել են:

Գագիկս հպարտանալու տղա է, ես հպարտ եմ, որ իմ թոռը չի փախել, պահել է այն, ինչ իրեն վստահել են: Ցավն ու կսկիծը մեծ է, ոչ մի բառով դա հնարավոր չէ սփոփել: Հրամանատարը պատմում է, որ նահանջի հրաման են տվել, Գագիկս ասել է՝ թուրքի առաջ ի՞նչ նահանջ:

Ես էլ, Գագիկիս ծնողներն էլ դժվարությամբ, բայց տանում ենք մեր ցավը… ուղղակի ապրում ենք այն գիտակցությամբ, որ Գագիկն ու իր նման տղաները ոչ թե զոհվել են հանուն ոչնչի, այլ հանուն հայրենիքի: Նրանց մահը գիտակցված մահ է եղել, նրանք գիտեն՝ ինչի համար են տվել իրենց կյանքը»,-եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գագիկ Միկիչյանի տատը՝ Սուսաննա Միկիչյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button