Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Ճանապարհ» եռյակը Մարսելից ոտքով կհասնի Երևան` համերգներ ունենալով Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում և Հայաստանում

Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ օգոստոսի սկզբին Իտալիայի մի շարք քաղաքներում (Վենետիկ, Միլան՝ 2 համերգ, Հռոմ) «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում «Ճանապարհ» եռյակի կողմից տրվեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի շարք համերգներ։ Այս ծրագիրը մշակութային-սպորտային միջոցառում է՝ կազմակերպված Մարսելի Ֆրանսահայ Երտասարդաց Միության՝ JAF-ի և «Վազք հիշատակի համար» CPLM կազմակերպության կողմից:

Մտահղացման հեղինակը երաժիշտ Միքայել Վեմյանն է, JAF-ի երաժշտական դպրոցի պատասխանատուն և նվագախմբի ղեկավարը: Ծրագրի նպատակն է Մարսելից քայլել մինչև Երևան՝ 2500կմ ոտքով կտրել-անցնելով Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Հայաստանը: Քայլարշավը, ինչպես նաև այս ճանապարհին տրվող բոլոր համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Համերգներից վերջինը տեղի ունեցավ Հռոմում՝ օգոստոսի 14-ին, Հռոմի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցում։ Համերգին ներկա էր նաև դեսպանության անձնակազմը։

ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը ողջունեց այս նախաձեռնությունը, շեշտեց արվեստի միջոցով ցեղասպանության դեմ պայքարելու և ապագա ցեղասպանությունները կանխարգելելու կարևորությունը։ Նա նաև նշեց, որ այս նախագիծը լավագույնս տեղավորվում է 2021թ. ՀՀ դեսպանության կողմից ձեռնարկված «Արվեստը հանուն կանխարգելման» արշավի շրջանակում՝ սպորտային տարրի համալրմամբ։

«Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում եռյակի կողմից մի շարք համերգներ են նախատեսվում նաև Հունաստանում և Հայաստանում:

Back to top button