Նորություններ

Գյումրիում կառուցվում է բացառիկ շինություն՝ 12 մասնաշենքով

Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը աղետի գոտու թերևս եզակի շինություններից է, որի շինարարության համար պետբյուջեից միջոցներ չեն խնայվել: Այն Հայաստանում պետական ֆինանսավորմամբ կառուցվող ամենամեծ շինօբյեկտն է: 1 տարի առաջ է սկսվել շինարարությունը, որն ավարտին կհասցվի 2025 թվականի վերջին:

5 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով մարզադպրոցի շինարարությունն ստանձնել է «Գրիգորյանշին» ՍՊԸ-ն: Գյումրիի Մուշ և Անի թաղամասերի միջնամասում 9 հա 960 մ տարածքի վրա 12 շինություն է կառուցվելու: Քաղաքի 2 խիտ բնակեցված թաղամասերին հարակից մարզադպրոցը կունենա մարզադահլիճներ, որտեղ հնարավոր կլինի գրեթե բոլոր մարզաձևերի պարապմունքներ անցկացնել:

Շինարարության աշխղեկի օգնական Մյասնիկ Մանուկյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ մարզադպրոցը նաև մրցումային դահլիճ է ունենալու՝ 1050 նստատեղով, որը նաև մրցագորգերի քանակով Հայաստանում նմանը չի ունենա: Ավելին, կառուցվելիք մրցումային դահլիճը կունենա 6 մրցագորգ, ինչը հետխորհրդային երկրներից հիմա միայն Բելառուսն ունի, մյուս երկրների մրցումային դահլիճներում առավելագույնը 3 մրցագորգ է:

«Մարզադպրոցը միջազգային չափանիշներին համապատասխան, տարածաշրջանում բացառիկ կառույց է լինելու իր հարմարավետությամբ, մրցումների համար նախատեսված պայմաններով ու շինությունների քանակով»,- ընդգծեց աշխղեկի օգնականը:

Մարզադպրոցը կունենա նաև միջազգային չափանիշներին համապատասխան բաց ստադիոն, վազքուղի, պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար նախատեսված բաց մարզադաշտ: Մյասնիկ Մանուկյանի խոսքով՝ մարզադաշտի տրիբունան փոքր կլինի Գյումրիի քաղաքային մարզադաշտի համեմատ: Քաղաքային մարզադաշտը 600-700 նստատեղով է, երկկողմանի, իսկ նորակառույց մարզադպրոցի մարզադաշտի տրիբունան կլինի միակողմանի:

Մարզադպրոցի մրցումային դահլիճն այնպես է նախագծված, որ ոչինչ չխանգարի միջազգային չափանիշներին համապատասխան մրցումներ անցկացնելուն: Դահլիճը չի ունենա ներքին սյուներ: Արվելու է ամեն ինչ, որ այս մարզադպրոցի դահլիճում միջազգային մրցաշարեր կազմակերպվեն:

Մարզադպրոցն ունենալու է նաև մարզումային 2 դահլիճ՝ մեծ և փոքր, վարչական մասնաշենք, լոգարաններ, նաև առանձին 4 մասնաշենքերից բաղկացած հյուրանոցային ցանց՝ 200-ից ավելի սենյակներով, ռեստորանային համալիրով, որտեղ նաև զբոսաշրջիկներ կհյուրընկալվեն:

Արթուր Ալեքսանյանի անվան նորակառույց մարզադպրոցում կլինեն նաև թենիսի կորտեր, վոլեյբոլի դաշտեր, կանաչապատ տարածքներ:

Շինարարությունը հիմա ընթանում է ժամանակացույցով, ֆինանսավորման խնդիր, ըստ աշխղեկի օգնականի, չկա, 78 աշխատող է ընդգրկված շինաշխատանքներում, 12 մասնաշենքից 10-ում շինարարություն է ընթանում: Կրթության, գիտության փոխնախարարի հետ օրեր առաջ բանավոր համաձայնություն է եղել, որ նախագծում ավելացվելու է նաև բաց լողավազանի կառուցումը: Աշխատողների խնդիր օբյեկտը չունի, իսկ ընթացքում եղել ու լինում են նախագծային փոփոխություններ, որոնք պայմանավորված են հիմնականում տեղանքի ռելիեֆով:

Կարինե Կազարովա      

 

Back to top button