Նորություններ

44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Լոգյանն այսօր կդառնար 21 տարեկան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Արտյոմ Լոգյանն այսօր կդառնար 21 տարեկան: Ջրականում զոհված հերոսի ծննդյան օրը խաչքար է տեղադրվել նրա հարազատ բակում:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, հուշակոթողի գաղափարը Արտյոմ Լոգյանի մայրիկինն է: Տիկին Լենան ասում է՝ պատերազմից հետո ամեն ծնող ստեղծել է իր որդու անկյունը, իր սրբատեղին, հիմա մենք այդպես ենք սփոփվում, ապրեցնում մեր հերոսներին:

Արտյոմ Էդվարդի Լոգյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 15-ին Գյումրիում: Արտյոմը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Սկզբում Կապանում է անցել ծառայությունը, պատերազմից մեկ ամիս առաջ զորավարժությունների նպատակով տեղափոխել են Ջաբրայիլ՝ Ջրական: Ժամկետային զինծառայողը տիրապետել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին: 19-ամյա Արտյոմ Լոգյանը Ջրականի ամենաթեժ ու վտանգավոր կետերում ապահովել է ճշգրիտ կրակ՝ թշնամուն պատճառել ահռելի կորուստներ:

«Համեստ, զուսպ, պատասխանատու, կարգապահ». գյումրեցի հերոսի մայրն այսպես է նկարագրում որդուն:

«Բնավորությամբ շատ ծանր էր, ծառայությունը չէր փոխել իմ տղային: Մնացել էր այնպես, ինչպես կար: Միայն ձայնի տոնայնությունն էր փոխվել, ավելի մեծացել էր: Շատ ուշադիր էր բոլորիս հանդեպ: Ինձ ծաղիկներ էր բերում, և միշտ չէ, որ դրա համար ինչ-որ հատուկ առիթ էր պետք: Շատ նվիրված էր նաև իր ընկերներին, ես անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ Տյոմս էդքան ընկերներ ունի, ինքը փակ մարդ էր: Զուսպ էր, իրեն ծիծաղելուց հազվագյուտ կարելի էր տեսնել, ծիծաղում էր թեթևակի, քթի տակ: Օգնող էր, հասնող, շիտակ ու ամեն ինչի մեջ էր մաքուր ու կարգապահ. իմ տղեն յուրահատուկ էր, ու ես դա ասում եմ ոչ թե նրա համար, որ իմ տղեն է, այլ դա իսկապես այդպես է: Իմ երկու որդիներն էլ լավն են, բայց նրանց մեջ տարբերություն կա: Շատ հազվադեպ էր, որ բառերով արտահայտվում էր. իր սերն արտահայտում էր իր ուշադրությամբ»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Լոգյանի մայրը՝ Լենա Արղամանյանը:

Տիկին Լենան պատմում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 26-ին, անհանգստություն չի զգացել, անգամ մտքով չի էլ անցել, որ հաջորդ օրը պատերազմ է:

«Սեպտեմբերի 26-ին, երբ հետը խոսեցի, ասացի՝ Տյոմ ջան, ե՞րբ ես արձակուրդ գալիս, ասաց՝ մա՛մ, ինձ ասել են՝ 15 օրով «օտպուսկ են տալիս», հոկտեմբերին գալիս եմ: Շատ էինք ուրախացել, ինքն էլ էր անհամբեր սպասում, որ պիտի արձակուրդ գար: Երբ հետը խոսում էինք, ասում էր՝ լավ մնացեք, ես շուտ կգամ. մամ ջան, չմտածես»,- պատմում է Արտյոմ Լոգյանի մայրը:

Գյումրեցի ժամկետային զինծառայողը զոհվել է սեպտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով՝Արտյոմ Լոգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Անահիտ Չալիկյան

Back to top button