Նորություններ

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Դատախազություն

Նախօրեին, օգոստոսի 14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական եւ քաղաքացիական կարեւոր օբյեկտներում, առեւտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դրանք կեղծ են:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ վարույթը կփոխանցվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դատախազության հանձնարարությամբ քննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացնելու համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաեւ վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները:

Դատախազությունն ընդգծված հետեւողականություն է դրսեւորելու իր իրավասության շրջանակներում վերջին ժամանակահատվածում հաճախակիացած այս կեղծ տեղեկությունների ներքին տրամաբանական կապերի, պատճառների պարզման, քրեաիրավական համարժեք գնահատականներ տալու, այդ կեղծ տեղեկությունները տարածողներին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կներկայացնի այս դեպքերով իրականացվող քրեական վարույթների արդյունքների մասին տեղեկատվություն:

Back to top button