Նորություններ

«Եթե բանակում մահվան դեպք է արձանագրվում, ապա պատասխանատվության շրջանակը կարող է հասնել անգամ մինչև պաշտպանության նախարարին»

Ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերը դարձել են հաճախակի, հրամանատարներին պատասխանատվության չեն կանչում, դեպքերը չեն բացահայտվում: Իշխանությունը ինչպիսի՞ միջոցներ պետք է ձեռք առնի բանակում նման դեպքերը բացառելու և քննչական մարմինների կողմից օբյեկտիվ քննությունների ընթացքն ապահովելու համար: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ:

«Մենք 1994թ.-ի հրադադարի խախտումից հետո բանակում անընդհատ մահվան դեպքեր ենք ունեցել և իրավիճակը վերլուծելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ բանակում միշտ բարձիթողի վիճակ է եղել: Եթե բանակում մահվան դեպք է արձանագրվում, ապա պատասխանատվության շրջանակը կարող է հասնել անգամ մինչև պաշտպանության նախարարին, ԳՇ պետին: Ժամկետային զինծառայողների համար պետությունը կրում է հարյուր տոկոս պատասխանատվություն նրանց կյանքի իրավունքների վերաբերյալ: Այսինքն՝ պետությունը պիտի ապահովի ժամկետային զինծառայողի կյանքի իրավունքն այնպես, որ երկու տարի ծառայի և ողջ-առողջ վերադառնա տուն:

Խնդիրը խորքային է և չի լուծվում, որովհետև իշխանությունները չկարողացան համակարգը մաքրել համակարգը փչացնող պաշտոնյաներից: Եթե քաղհասարակությունը տարիներ շարունակ խոսում էր վեթինգի, դատական-քննչական համակարգը մաքրելու մասին, իշխանությունը էֆեկտիվ չգործեց, և համակարգում մնացին մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զինվորական քրգործերը ծածկադմփոց էին արել, սպանությունները որակել էին որպես ինքնասպանություն, կեղծ դատական վճիռներ են կայացրել և այլն: Այսինքն՝ ոչ ՊՆ-ն մաքրվեց, ոչ քննչական ապարատը. ոչինչ չի փոխվել, դրա համար իրավիճակի փոփոխություն էլ չէինք կարող ակնկալել: Իշխանության կողմից ոչինչ չարվեց ոչ մարտական պայմաններում բանակում մահերի խնդիրը լուծելու համար, խոսվեց ռեֆորմների մասին, բայց իրականում ոչինչ չարվեց այդ ուղղությամբ: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ այն նույն արատավոր երևույթները, որոնք մենք ունեցել ենք Հայաստանի անկախացումից հետո, շարունակվում են։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա այդ սովետական ռուսական բանակի հետ կապված խնդիր է։ Սովետական անցյալի մնացուկներն են և հնարավորություն չեն տալիս բանակում մարդու իրավունքների, զինծառայողների անվտանգության հետ կապված խնդիրները լուծել։

Մյուս խնդիրը հոգեբանական լարվածությունն է, որը ես կարծում եմ, որ բավականին լուրջ դեր ունի սպանությունների, ինքնասպանությունների դեպքերում:

Շատ են նաև առողջական պատճառներով մահվան դեպքերը, այսինքն՝ տարիներ շարունակ հասարակությունը խոսում էր այն մասին, որ պետք է զինծառայողների բուժզննումը նորմալ անցկացվի, առողջական խնդիրներով մարդիկ չպետք է զորակոչվեն»,- հայտարարեց իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե գաղտնիք չէ, որ քրեական ենթամշակույթը, ոչ կանոնադրային հարաբերությունները գործում են նաև բանակում, և ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել այդ երևույթն արմատախիլ անելու համար, իրավապաշտպանը արձագանքեց.

«Պետք է ասեմ, որ մենք պիտի դպրոցից սկսենք, և հետո քրեական ենթամշակույթի, ոչ կանոնադրային հարաբերությունների «արժեքները» կրողները ոչ միայն ժամկետային զինծառայողներն են, այլ նաև սպայական անձնակազմը: Շատ դեպքերում սպաները այդ «արժեքներով» են զորքի հետ հարաբերվում: Այս ընկալումը արմատախիլ անելու համար հատուկ մոտեցում է պահանջվում:

Մեր կազմակերպությունը ուսումնասիրություններ է անում զորացրված զինծառայողների շրջանում, և գրեթե բոլորը խոսում են այն մասին, որ կուզենային իրենց սպաները առաջնորդվեին կանոնադրային հարաբերություններով: Սա ասում են հատկապես այն մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմին, որովհետև պատերազմին մասնակցելուց հետո եկել են այն եզրակացության, որ այն սպաները, ովքեր չէին առաջնորդվում կանոնադրային հարաբերություններով, իրենց ոչինչ չեն սովորեցրել: Հետևաբար այն մարդը, ով ասում է, որ կանոնադրային հարաբերություններով դժվար է ծառայելը, ի վերջո գալիս են այն եզրահանգման, որ միայն կանոնադրային հարաբերություններն են իրենց ծառայությունը դարձնում անվտանգ և ապահով:

Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթին, դա մեզանում լուրջ խնդիր է, որովհետև անգամ հանրային հարաբերություններում է քրեական ենթամշակույթով կարգավորվում հարաբերությունները: Ինստիտուցիոնալ մոտեցում է պահանջում, որը երկարաժամկետ հեռանկարում լուծվող խնդիր է»,- եզրափակեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button