Նորություններ

Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի՝ 83-ամյա բնակչի առևանգման դեպքի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 մակնիշի ավտոմեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը, մինչև  2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան:

Պարզվել է նաև, որ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:

2022թ. օգոստոսի 11-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի  դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Back to top button