Նորություններ

«Հրանտիս հեռախոսահամարը 3 օր հասանելի դարձավ. ես երեխայիս ձայնը լսեցի… տանջալից ասում էր՝ ալո…»

Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հրանտ Մելքոնյանի մայրը՝ Իզաբելա Մխիթարյանը, պատմում է, որ զինադադարից հետո որդու հեռախոսահամարը 3 օր հասանելի է եղել, լսել է որդու ձայնը և կողքից այլ ձայներ ևս, ասել է՝ Հրանտ ջան, ասա որտեղ ես, որդին ինչ-որ բան է ուզել ասել, բայց հեռախոսը ձեռքից վերցրել են:

«Հրանտս շատ արագ հարմարվեց ծառայությանը, ասում էր՝ մամ, ծառայությունից հետո կմնամ որպես պայմանագրային ծառայող: 2019թ.-ի հուլիսին է զորակոչվել բանակ, եթե չլիներ պատերազմը, մի քանի ամսից տղաս տանը կլիներ: Սեպտեմբերի 24-ին դիրքերից իջել էր, զանգեց ասաց՝ մամ, դիրքերից իջել եմ, ես շատ լավ եմ, հենց հասնեմ զորամաս, կզանգեմ: Դրանից հետո զանգում ենք, Հրանտս անհասանելի էր, երեխուս հետ կապ չկար… սեպտեմբերի 27-ին սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Զանգում էինք անընդհատ, տղայիս հետ կապ չկար ու չկար: Հրամանատարին գտանք, հրամանատարը ասաց՝ մենք Թալիշի հարձակման ժամանակ  դիպուկահար ուզեցինք, Հրանտը պիտի չգար, լեզվակռվի մեջ մտա էդ զինվորի հետ, ձեր տղան ասաց՝ մի կռվեք, ես կգամ, զենքը վերցրեց ու հետս եկավ…, երբ հասանք մեր պոստերը, տանկերը մտել էին մեր պոստ: Ասացի՝ տղերք, փախեք, բայց ձեր տղան ու իր հետ մի տղա ասացին՝ կամանդիր, մենք մեր դիրքը չենք լքում: Հրամանատարն ասում է՝ դրանից հետո ես Հրանտից ոչ մի լուր չունեմ, ընդհանրապես չենք տեսել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հրանտ Մելքոնյանի մայրը՝ Իզաբելա Մխիթարյանը:

Տիկին Իզաբելան պատմում է, որ հետո իրենց հաջողվել է Հրանտի ծառայակից  երկու ընկերների հետ կապ հաստատել, ովքեր պատմել են, որ տեսել են Հրանտին:

«Ասացին, որ ոտքից վիրավոր է եղել, հոկտեմբերի 3-ին օգնություն են ցույց են տվել, տեղափոխել են հոսպիտալ: Մենք բոլոր հոսպիտալներում Հրանտիս փնտրել ենք, չկար, ու մենք անդադար փնտրում էինք:

Հունվարի 25-ին գործով մտա մարզպետարան, ասում են՝ ոնց թե Հրանտ Մելքոնյանի մայրն եք, ձեր տղան Աշտարակի մորգում է, ասացին՝ ուղղակի հեռախոսի համարն են սխալ գրել, ձեզ չէին կարող զանգել, որ ասեն ԴՆԹ-ն համընկել է:

Ես մինչ այսօր հավատում եմ, որ իմ տղան ողջ է, ես դա զգում եմ… երբ զինադադար եղավ, մենք անընդհատ զանգում էինք, հավատում էինք, որ հասանելի կդառնա, և ձայնը կլսենք: Զինադադարից հետո Հրանտիս հեռախոսահամարը 3 օր հասանելի դարձավ. մայրը ոնց կարող է իր զավակին չիմանալ: Երեխայիս ձայնը լսեցի… տանջալից ասում էր՝ ալո, կողքից ձայներ էին գալիս, ասում էինք՝ Հրանտ ջան, ասա որտեղ ես, երեխես ուզում էր  ինչ-որ բան ասել, բայց հեռախոսը վերցրին ձեռքից, հետո ռուսերեն էին խոսում, հետո այլ ակցենտով, հետո իբր մեզ չեն լսում: Դրանից հետո հեռախոսն անհասանելի դարձավ: Ես կադրերի մեջ էլ եմ տեսել, որ երեխես գերի է, ես նմանեցրել եմ, բայց ինձ ասել են, որ Հրանտը չէ»,- շարունակում է հերոսի մայրը:

Հրանտ Մելքոնյանի մայրն ասում է, որ իրենց ասել են՝ Հրանտը զոհվել է հոկտեմբերի 2-ին, բայց տիկին Իզաբելան պնդում է, որ իր տղայի ձայնը զինադադարից հետո լսել է:

«Մենք ԱԱԾ զանգեցինք, որ մեզ գոնե ասեն, թե զանգը որտեղից է եղել, որ էդ ուղղությամբ գնանք, բայց մեզ ասացին, որ չեն կարող մեզ տեղեկություն տալ»,- ասում է տիկին Իզաբելան:

Հետախույզ, դիպուկահար Հրանտ Վաչագանի Մելքոնյանը ծնվել է 2001թ.-ի հունիսի 30-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում:

2019թ.-ի հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայության է անցել Թալիշում. այստեղ էլ կռվել է թշնամու դեմ, զոհվել է հոկտեմբերի երկուսին: Ընտանիքի ավագ որդին էր, (2 եղբայր և  2 քույր ունի):

Անահիտ Չալիկյան

 

Back to top button