Նորություններ

«Այս փուլում պատերազմի վտանգ չկա, բայց ռազմական գործողությունների վտանգ կա, որի ականատեսը կլինենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին». Ս.Դանիելյան

«Հիմա հիմնական խաղը գնում է ոչ թե Արցախի, այլ Սյունիքի համար. և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պահանջում են, որ լինի միջանցք և այդ միջանցքը չվերահսկվի Հայաստանի կողմից, և դա, ըստ էության, դառնա Ադրբեջանի տարածք: Իրանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դա թույլ չի տալու և դա թույլ չտալու համար կդիմի ռազմական ուժի: Ռուսաստանն էլ փորձում է այդ տարածքները վերահսկել, և հնարավոր է, որ նաև Հայաստանը պայմանագրով այդ տարածքները հանձնի ինչ-որ ժամանակով Ռուսաստանի հատուկ ծառայություններին, որպեսզի այնտեղ վերահսկողություն իրականացնեն:

Ռուսաստանը փորձում է կոմունիկացիաները վերցնել իր վերահսկողության տակ, այլ ոչ թե դա լինի Թուրքիայի և Ադրբեջանի տարածք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այս փուլում պատերազմի վտանգ չկա, որովհետև դա արդեն Իրանի և Ռուսաստանի դեմ կլինի, բայց ռազմական գործողությունների վտանգ կա, որի ականատեսը կլինենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, հայտարարեց. «Հնարավոր էր, այո, հնարավոր էր այնպիսի քաղաքականություն վարել, որ Բերձորը, Սուսը, Աղավնոն չհանձնվի, բայց մենք ունենք մի իշխանություն, որը անընդհատ պարտության է մեզ տանում, և ունենք հասարակության մի հատված, որը համակերպվել է պարտության հետ և նույնիսկ աջակցում է նման իշխանությանը: Եթե չէինք ուզում, որ հանձնվեր Բերձորը, Աղավնոն, ապա Նիկոլ Փաշինյանը պիտի չվերընտրվեր, պետք է հանրությունը կարողանար քաղաքականապես կազմակերպվել և ոչ թե կուսակցությունների շուրջ, այլ ստեղծեր հանրային կառույց, որը կփոխեր քաղաքական իրավիճակը:

Քանի որ դա տեղի չունեցավ, այդ պարտվողական քաղաքականությունը շարունակվում է, և Հայաստանում բացահայտորեն գործում են թուրքական լոբիստական կազմակերպություններ՝ քաղաքագետների, քաղաքական գործիչների, ՀԿ-ների տեսքով, որոնք պարտվողական գաղափարախոսությունն են առաջ տանում: Գործող իշխանությունն էլ, ըստ երևույթին, գնում է ինչ-որ համաձայնությունների, որի մասին վախենում է հանրությանը ներկայացնել և այդ համաձայնությունը զոհերի միջոցով է իրականացնում՝ իր վրայից պատասխանատվությունը հանելու համար: Ինչպես Նիկոլ Փաշինյանը ասաց, որ պատերազմից մի քանի օր հետո իրեն առաջարկել են կանգնեցնել պատերազմը, և Գենշտաբի պետն էր ասել, որ արդեն հնարավոր չէ, պետք է ամեն եղանակով կանգնեցնել:

Ռուսաստանի նախագահն էր նաև առաջարկություններ ներկայացրել, և Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասաց, որ եթե համաձայնվեր այդ առաջարկներին, ապա իրեն կմեղադրեին զիջողականության մեջ, և զոհերի գնով, ավելի մեծ կորուստների գնով կարողացավ ապացուցել, որ ինքը չի հանձնել, մենք ուղղակի թույլ ենք, և դա էր պատճառը, որ զոհեր ունեցանք: Բայց նույնիսկ հիմա կարելի է իրավիճակը փոխել ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում»,- շեշտեց քաղաքագետը: Դանիելյանը, անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշեց. «Մենք չգիտենք, թե ստվերում ինչ է կատարվում, բայց տեսնում ենք, որ ռուս խաղաղապահների միջոցով դիրքեր են հանձնվում, այսինքն՝ հայ դիրքապահներին ռուսներն ասում են, որ մենք կպահենք, որից հետո հանձնվում է Ադրբեջանին: Այսինքն՝ այստեղ կա քաղաքականություն, և ամբողջ հարցը այն է, թե արդյոք այդ քաղաքականության հետևում չկա պայմանավորվածություն Հայաստանի իշխանությունների հետ, որոնք պայմանավորվում են, հաստատում են պայմանավորվածությունները և հերթական անգամ դա անում են զոհերի միջոցով:

Այսինքն՝ սա ենթադրություն է, բայց այդ ենթադրությունը ունի հիմք և ունի ձեռագիր: Համենայնդեպս, երբ մեղադրանքներ հնչեցին ռուս խաղաղապահների հասցեին, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչներից մեկը արեց հայտարարություն՝ ասելով, որ դեռևս պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը փակ կապի միջոցով ունենում էր պայմանավորվածություն Հայաստանի վարչապետի հետ, 1-1,5 ժամ հետո այդ փակ խոսակցության մասին Ադրբեջանի նախագահը տեղյակ էր, զանգում էր Ռուսաստանի նախագահին և խնդրում էր այդ գործողությունները չկատարել, և ներկայացուցչի խոսքով՝ իրենք վատ վիճակում էին հայտնվում, չէին հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչպես է հնարավոր, որ իրենց խոսակցություններից 1 ժամ հետո Ադրբեջանի նախագահը ամեն ինչից տեղյակ է լինում: Անգամ աֆրիկյան հետամնաց երկրում եթե նման ինֆորմացիա է հայտնվում, ապա ամբողջ քաղաքական և հանրային դաշտը ոտքի կելներ, դուրս կգար փողոց, և հատուկ ծառայությունները քրեական գործ կհարուցեին, բայց մենք տեսնում ենք, որ դա Հայաստանում տեղի չի ունենում: Եվ եթե նման մեղադրանքները նման արձագանք չեն ստանում, ապա էլ ի՞նչ խոսես, որ Բերձորն են հանձնում, Աղավնոն, կարող են Երևանն էլ հանձնել առանց որևէ խնդրի»,- եզրափակեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button