Նորություններ

«Ոտքի վրա քայլող վարակներ». շրջանառության մեջ է ախտանշաններ չունեցող օմիկրոն շտամը. կորոնավիրուսի 6-րդ ալիքի սպասումները Շիրակի մարզում

Շիրակի մարզում վերջին մի քանի օրերին համեմատաբար ավելացել է կորոնավիրուսով հիվանդների թիվը: Կորոնավարակի նախորդ ալիքից հետո վերջին ամիսներին միայն հատուկենտ օրեր են եղել, որ հիվանդության որևէ դեպք չի գրանցվել: Հիվանդացության մակարդակը թեև նվազել էր, բայց օրական 1-2 դեպք գրանցվում էր:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանի հավաստմամբ՝ այդ թվերը, սակայն, հիվանդացության իրական պատկերը չեն արտացոլում: Ըստ նրա՝ հուլիս ամսին Շիրակի մարզում 129 մարդու մոտ է վարակը հայտնաբերվել, բայց ոչ թե ակտիվ, այլ պասիվ հետազոտությունների արդյունքում: Այսինքն, հայտնաբերումները եղել են պատահական. ենթադրենք անձը հետազոտվել է երկրից դուրս գալու նպատակով կամ այլ գանգատներ է ունեցել, կամ էլ խրոնիկ հիվանդությունն է սրացել, դիմել է բժշկի, հետազոտվել ու քովիդ 19-ը պատահական հայտնաբերվել է:

Հիմա բուժհաստատությունները կորոնավարակի ակտիվ հետազոտություն չեն անում: Միայն կասկածելի դեպքերն են հետազոտում: Հիվանդների վերահսկողությունն ու բուժման կազմակերպումն էլ պոլիկլինիկաներին է հանձնարարված:

Արմինե Անդրյան

«Կորոնավարակի անցած 5-րդ ալիքի ժամանակ 30 տոկոսով շրջանառվում էր դելտա շտամը, 70 տոկոսով՝ օմիկրոնը: Մեր բոլոր մահերը պայմանավորված էին դելտա շտամով, որովհետև դելտան հիվանդության ծանր ընթացք է ապահովում: Իսկ օմիկրոնը ավելի թեթև է ընթանում,-ԳԱԼԱ-ին հայտնում է համաճարակաբանը:

Հիմա մեր մարզում, նաև հանրապետությունում շրջում է կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակը իր 2 շտամներով: Օմիկրոնը, Արմինե Անդրյանի խոսքով, հոսպիտալ բեռը չի ավելացնում, հիվանդների միայն 5 տոկոսն է հոսպիտալացվում, բայց ավելի վտանգավոր է այն առումով, որ մարդիկ ախտանշաններ չեն ունենում, թեթև է ընթացքը, սակայն իրենք ոտքի վրա քայլող վարակներ են, համաճարակաբանական առումով ավելի բարձր վարակելիությամբ:

«Եթե դելտա շտամի դեպքում 1 մարդը կարող է վարակել 8 հոգու, ապա օմիկրոնի դեպքում՝ 1 մարդը վարակում է 30-35 մարդու, ու քանի որ այս ենթատեսակը ախտանշաններ չունի, հիվանդներն էլ չեն մեկուսանում, ապա վարակն անարգել տարածվում է»,- հավաստում է համաճարակաբանը: Նրա խոսքով՝ հիմա Շիրակի մարզում հիվանդների թիվն ամենացածրն է հանրապետությունում, ու սա պայմանավորված է նրանով, որ վարակը երկրի հարավից դեպի հյուսիս է տարածվում: Նախորդ ալիքների ժամանակ է ապացուցվել, որ հյուսիսային մարզեր ուշացումով է ընդգրկում համավարակը, և սա, ըստ Արմինե Անդրյանի, համաճարակաբաններին ուղեցույց է, որ եթե Արարատի, Արմավիրի մարզերում դեպքերն ավելանում են, ապա պետք է զգոնությունն ավելացնել ու սպասել վարակի արագ տարածմանը Շիրակի մարզում:

Կորոնավիրուսն էլ օդակաթիլային մյուս վարակների նման արդեն ունի պարբերականություն, տարեկան 2 անգամ պիկի շրջան է լինում՝ եղանակային պայմանների սեզոնայնության հետ կապված: Փորձը ցույց է տվել, որ առաջին պիկը դիտվում է փետրվար-ապրիլ ամիսներին, երկրորդը՝ հոկտեմբեր-դեկտեմբեր: Ըստ համաճարակաբանի՝ կորոնավիրուսն ապացուցել է, որ որպես օդակաթիլային վարակ ունի այլ առանձնահատկություններ ևս. տարածվում է նաև արյան միջոցով և շփման բոլոր տարբերակներով:

«Եթե մենք մասնագետներով կամ բնակիչներով նախկինում կենտրոնացված էինք միայն վիրուսի փոխանցման օդակաթիլային ուղու վրա և դիմակը համարում էինք միակ պաշտպանիչ միջոցը, ապա հետագայում պարզվեց, որ ջերմաչափ տալ-վերցնելը, դռան բռնակից օգտվելը, մեկուսացվածին սննդի փաթեթ փոխանցելը, այս ամենը ևս կարող է վարակի տարածման միջոց լինել, և առաջին հայացքից վրիպած փոխանցման այդ ուղիները հենց դարձան վարակի տարածվելու հիմնական ճանապարհներ»,- հավաստում է Անդրյանը:

Ըստ նրա՝ Շիրակի մարզում քանի որ ցուրտ է, թվում էր, թե օդակաթիլային վարակներն այստեղ ավելի մեծ տարածում էին գտնելու՝ ավելի շուտ էին մուտք գործելու և ավելի ուշ ավարտվելու: Բայց, ասում է,  փորձը ցույց տվեց, որ կորոնավարակի վրա ջերմային ռեժիմն այդքան էլ չի ազդում:

Առողջապահության համակարգի մասնագետներն արդեն խոսում են համաճարակի 6-րդ ալիքի ներթափանցման մասին, հիմա, ըստ համաճարակաբանի, լավ ժամանակաշրջան է, որ մարդիկ հասցնեն պատվաստվել ու դիմակայել վարակի նոր ալիքին, որի մուտքը սպասվում է սեպտեմբերի կեսից:

Հիմա հանրապետությունում սուր շնչառական վարակ ունեցող բոլոր հիվանդները հետազոտվում են կորոնավիրուսի դեմ: ՊՇՌ թեստերից բացի, նաև արագ թեստեր են կիրառվում: Դրանք տրամադրվել են մարզի բոլոր բուժհաստատություններին: Արմինե Անդրյանի հավաստմամբ՝ դա նրա համար է, որ հեռավոր գյուղերի ամբուլատորիաներից արյան նմուշ Գյումրիի լաբորատորիաներ բերել-հասցնելու կարիք չլինի: Այս թեստերը թույլ են տալիս տեղում պարզել՝ անձը վարակված է, թե ոչ: Ճիշտ է, դրանք, ըստ համաճարակաբանի, վերջնական ախտորոշում չեն ապահովում, որոշակի սխալանք ունեն, բայց  համավարակի պայմաններում կողմնորոշիչ արդյունք տալիս են, քանի որ ոչ մի դեպք բաց չի թողնվում:

Կորոնավարակի հետազոտման արագ թեստեր տրամադրվել են նաև Գյումրիի շտապ բուժօգնության ծառայությանը: Կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ նախկինում իրենց բուժհաստատությունը որևէ առնչություն չի ունեցել թեստավորման գործի հետ: Հիմա հիվանդի մոտ քովիդ 19 կասկածելու դեպքում իրենք հնարավորություն ունեն տեղում նրան հետազոտել ու ընդամենը 15 րոպեում արդյունքն ունենալ: Արթուր Մանուկյանի փոխանցմամբ՝ վերջին օրերին կորոնավիրուսով հիվանդների թվի աճ կա, ովքեր տեղափոխվում են Երևան: Շիրակի մարզում տրիաժ կենտրոնը դեռ չի բացվել, ստացիոնար բուժման համապատասխան բաժանմունքները դեռ չեն վերապրոֆիլավորվել:

Արմինե Անդրյանի ներկայացմամբ՝ մի քանի ամիս կորոնավիրուսով հիվանդի մահվան դեպք Շիրակի մարզում չէր գրանցվել: Օրեր առաջ 1 մահ է եղել, բայց դեռ պետք է հետազոտվի և պարզվի՝ քաղաքացու մահը վրա է հասել քովիդ 19-ի հետևանքո՞վ, թե՞ նա խրոնիկ հիվանդություն է ունեցել, և քովիդն է նպաստել, որ մահ գրանցվի:

 

Կարինե Կազարովա

 

Back to top button