Նորություններ

Կորոնավիրուսի 6-րդ ալիքին Շիրակի մարզը պատրաստվում է դիմակայել պատվաստվածության ցածր ցուցանիշով. համաճարակաբանի հորդորն է՝ պատվաստվեն հատկապես հղիներն ու երեխաները

Մոտենում է կորոնավիրուսի տարածման 6-րդ ալիքը: Համաճարակաբանները նախազգուշացնում են. պաշտպանիչ միակ միջոցառումը շարունակում է մնալ պատվաստումը:

«Անցած տարի սեպտեմբերի 1-ին ընդառաջ, մինչև դասերի վերսկսվելը, ակտիվ աշխատանքներ տարվեցին ուսուցիչների շրջանում, նրանք հետազոտվեցին, պատվաստվեցին, ինչի արդյունքում մանկավարժների, նաև բուժաշխատողների և պետական հաստատությունների աշխատակիցների մոտ 70-80 տոկոս պատվաստվածության մակարդակ էր ձևավորվել Շիրակի մարզում»,- ԳԱԼԱ-ի հետ հարցազրույցում ասում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը և ավելացնում,- իսկ հիմա այդ միջոցառումները չկան, անցած տարվա  պատվաստումներն էլ իրենց արդիականությունը կորցրել են այն առումով, որ եթե լիարժեք 2 պատվաստում ստացած անձը 6 ամիս հետո չի ստանում 3-րդը, ապա նա նորից խոցելի է»:

Ըստ Արմինե Անդրյանի՝ եթե անձը չունենա լիարժեք պատվաստում, և 3-րդ պատվաստումը չստանա ժամանակին, ապա նա կարող է հիվանդանալ: Նրա խոսքով՝ երբեք ոչ մի պատվաստանյութ արտադրող ընկերություն 100 տոկոսանոց երաշխիք չի տալիս, որ իր արտադրած պատվաստանյութով պատվաստվելիս մարդիկ չեն հիվանդանա կորոնավիրուսով:

«Պատվաստված մարդիկ արհեստական իմունիտետ են ձեռք բերում, նրանց մոտ բավականին կայուն հակամարմիններ են ձևավորվում, բայց նրանք, միևնույն է, կհիվանդանան, պարզապես ծանր կլինիկական ընթացք չի ունենա հիվանդությունը, ու մարդիկ չեն ընկնի վերակենդանացման բաժանմունք, նաև մահվան ելքը կբացառվի, իհարկե, եթե ուշ չեն դիմել բժշկի, ու եթե նրանց մոտ ծայրահեղ ծանր վիճակ չէ, կամ էլ չունեն այնպիսի խրոնիկ հիվանդություններ, որ օրգանիզմը չդիմակայի»,- ավելացնում է բժշկուհին:

Արմինե Անդրյանը հորդորում է բոլոր նրանց, ովքեր չունեն լիարժեք պատվաստում, անպայման պատվաստվեն, նաև 3-րդ պատվաստումը ստանան: Ըստ նրա՝ հիմա մարզի բոլոր պոլիկլինիկաներում առկա է «Ֆայզեր» պատվաստանյութը: Նաև հիվանդների շրջանում է վերլուծություն կատարվում, և պարզվել է, որ վերջին շրջանում հիվանդացածները, ովքեր օրական 1-2-ն էին, հիմնականում թերի պատվաստում ստացածներն են, չպատվաստվածները կամ էլ թղթով պատվաստվածները,- ասում է համաճարակաբանը: Շիրակի մարզում, ըստ նրա, իմունիզացիայի մակարդակը դեռևս բավարար համարել չի կարելի, քանի որ մեկ պատվաստում ունի բնակչության 46 տոկոսը, ինչը լիարժեք չէ, շատ ցածր ցուցանիշ է, իսկ 1 պատվաստումով հիվանդությունից չեն պաշտպանվում: 2 պատվաստում ստացել է բնակչության 38 տոկոսը, իսկ 3-րդ պատվաստում՝ ընդամենը 11 տոկոսը:

Արմինե Անդրյանի խոսքով՝ կորոնավիրուսի տարածման նախորդ ալիքի ժամանակ վիճակն ավելի բարվոք էր, քանի որ բնակչության մոտ կեսը հասցրել էր 2 պատվաստում ստանալ, նրանք խոցելի չէին վարակի նկատմամբ, հիմա բնակչության 80-90 տոկոսը խոցելի է, որովհետև 2-րդ պատվաստումից հետո 6 ամիսն անցել է, և կրկնապատվաստում չեն ստացել: Իսկ հիմա, քանի վարակի մեծ ալիքը չի ներթափանցել, պատվաստում ստանալու շատ հարմար ժամանակ է, որովհետև պատվաստումից հետո 10 օր էլ պետք է, որ մարդու օրգանիզմում հակամարմիններ ձևավորվեն՝ վարակը դիմակայելու համար: Հիմա Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում կորոնավարակի դեպքերը շատ են, պատերազմով պայմանավորված, Ռուսաստանում վերահսկողությունը ցածր է, այդ իսկ պատճառով, ըստ համաճարակաբանի, այնտեղ արտագնա աշխատանքի մեկնածները երբ վերադառնան, ապա վարակն էլ իրենց հետ Հայաստան կներթափանցի: Ռիսկը բավականին մեծ է, պատվաստվելն՝ անհրաժեշտություն: Իսկ օմիկրոն շտամի վարակելիությունը բարձր է, գաղտնի շրջանն էլ ոչ թե 14, այլ՝ 7 օր է:

«Յուրաքանչյուր մարդ պետք է ուժեղ կամային հատկություն ունենա, ու գնա պատվաստվի, քանի որ կորոնավիրուսն այն հիվանդությունն է, որը հիվանդանալ-լավանալուց հետո էլ իր հետքը թողնում է մարդու առողջության վրա: Ես սա ասում եմ որպես 8 պատվաստանյութ ստացած մասնագետ: Հակամարմինների շատ բարձր տիտր ունեմ: Չհիվանդանալու համար, որպես բժիշկ, շատ եմ կարևորում իմ օրինակը, և կուզենայի, որ բոլոր գիտակից մարդիկ հետևեն իմ օրինակին, պատվաստվեն ու լինեն պաշտպանված»,- հաստատում է համաճարակաբանը:

«Ցանկացած վարակիչ հիվանդության նման կորոնավիրուսն էլ իր հետքը թողնում է նաև հղի կնոջ և պտղի առողջության վրա: Եթե կինը հղիության ընթացքում հիվանդանում է կորոնավարակով, ապա նրա ընկերքով հիվանդությունը փոխանցվում է նաև պտղին: Հակամարմինները ևս փոխանցվում են պտղին՝ որպես  պաշտպանության միջոց»,- ասում է Անդրյանը:

Հղիության ընթացքում կինը կորոնավիրուսի առնվազն 2 ալիք պետք է հաղթահարի: Ըստ համաճարակաբանի՝ ճիշտ կլինի, որ մինչ հղիանալը կինը պատվաստվի կորոնավիրուսի դեմ, դրանից հետո անցնի մի որոշ ժամանակ, որ օրգանիզմում հակամարմիններ ձևավորվեն, ապա նոր հղիանա: Ըստ նրա՝ հիմա նաև արտամարմնային հղիություններն են շատ, և դրա համար էլ պատվաստումային պաշտպանությունը շատ կարևոր է: Իսկ եթե չեն պատվաստվում, ապա հիվանդանալիս ստիպված են դեղորայք օգտագործել, հետևանքում և՛ վիրուսը, և՛ դեղորայքը պտղի վրա ազդում են. հղիության ընթացքում կորոնավիրուսով հիվանդացած մայրերից ծնված փոքրիկները երկար ժամանակ բժիշկների հսկողության տակ են լինում: Բացի դրանից, հիվանդացած հղիի մոտ հնարավոր է ժամանակից շուտ ծննդաբերություն, նաև անհաս պտուղ կարող է լույս աշխարհ գալ, պտղին կորցնելու վտանգ լինի, մեռելածնություն և այլն:

«Քանի որ գիտենք, թե ինչքան ագրեսիվ է կորոնավիրուսը, և ռիսկի խմբի այն հղիները, որոնք ունեն լյարդի, երիկամի խնդիրներ, նաև շաքարային դիաբետ, շատ դժվարությամբ են հաղթահարում այս վարակը»,- հաստատում է համաճարակաբանը: Նա հիշեցնում է, թե պատվաստում չստանալու պատճառով որքան հղիներ մենք կորցրեցինք երեխայի հետ միասին, ինչը մեծ ցավ էր: Հղին վախենում էր պատվաստվել, ընտանիքի անդամները՝ նույնպես, ովքեր հետո համոզվեցին, որ եթե իրենք պատվաստված լինեին, ապա 2 անձի մահվան պատճառ չէին դառնա:

Համաճարակաբանի խոսքով՝ հիմա հղիների մոտ վախը հիմնականում հաղթահարված է, նրանց մեծ մասը հղիության ընթացքում պատվաստվում է գրիպի դեմ: Բժշկուհու հորդորն է, որ երեխաները ևս պատվաստվեն, քանի որ նրանք նույնպես վարակվում են դելտա շտամով և օմիկրոնով: Երեխաներին Հայաստանում պատվաստում են՝ սկսած 12 տարեկանից:

Կարինե Կազարովա

Back to top button