ՄիջազգայինՆորություններ

Իսրայելի պաշտպանության նախարարը հանձնարարել է պատրաստվել ռազմական գործողությունների վերսկսմանը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը հրահանգել է իր ենթականերին նախապատրաստվել ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այս մասին օգոստոսի 7-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Հանցը իրավիճակի գնահատում է անցկացրել անվտանգության ուժերի բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետի, Մոսադի հետախուզական ծառայության տնօրենի, ՇԱԲԱԿ-ի ղեկավարի և այլոց հետ։ Հանդիպման ավարտին նախարար Հանցը պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է պահպանել պատրաստակամությունը ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մասին հայտնի է դարձել անմիջապես այն բանից հետո, երբ «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում եգիպտացի միջնորդների առաջարկած զինադադարին:

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության վերջին տեղեկատվության համաձայն՝ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետեւանքով զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ 15 երեխա և 4 կին։

Back to top button