Նորություններ

Ողբերգական դեպք. եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:

Պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել, և, ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող է. նա իր մի քանի ընկերների հետ նավակով մտել են լիճ, ու այդ ժամանակ նա հայտնել է, որ ցանկանում է լողանալ, նետվել է ջուրը ու ջրահեղձ եղել:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի կայազորի քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button