Նորություններ

«Դա թույլ է տալիս մտածելու, որ տեղի են ունեցել գաղտնի պայմանավորվածություններ, որոնց ականատեսը կարող ենք լինել առաջիկայում»

Ըստ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի՝ Թուրքիայի լիակատար աջակցության, իսկ ՌԴ անկարողության պայմաններում Ադրբեջանը սանձարձակ գործողությունների է դիմում, որը շարունակվելու է, քանի դեռ Ադրբեջանն ունի այդ հնարավորությունը:

«Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի ունեցավ Թեհրանում տեղի ունեցած բանակցություններից հետո: Այսինքն՝ ակնհայտ է, որ  Ռուսաստան-Իրան-Թուրքիա համատեղ բանակցությունների ընթացքում որոշ հարցեր մնացել են չկարգավորված՝ մի կողմից Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած տարակարծությունների պատճառով, մյուս կողմից էլ, չի բացառվում, իրանական դիրքորոշման պատճառով, կամ անհրաժեշտություն կա ձեռք բերված պայմանավորվածությունները արագ կյանքի կոչել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը:

Արմեն Պետրոսյան

Պետրոսյանի կարծիքով՝ բացահայտ և հրապարակային խնդիրներից բացի, կողմերը քննարկել են նաև այլ հարցեր, որոնք համատեղ հայտարարության տեքստում չեն ներառվել:

«Դրանցից մեկը վստահաբար Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն է. այսինքն՝ հայտարարության տեքստում ակնարկվում է դրանց  մասին, բայց ուղիղ ձևով չեն ներառվել:

Օրինակ՝ մի այսպիսի կետ կա հայտարարության մեջ, որ չնայած տարածաշրջանային գլոբալ մարտահրավերներին, երկու ղեկավարները հաստատել են իրենց կամքը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա զարգացման հարցում՝ հաշվի առնելով երկու կողմերի փոխադարձ շահերն ու հետաքրքրությունները միջազգային պարտավորությունների շրջանակում:

Բնականաբար տեքստի այս հատվածից կարելի է հասկանալ, որ այլ տարածաշրջանային խնդիրներից բացի, քննարկվում են նաև մեր տարածաշրջանի խնդիրները, ինչո՞ւ, որովհետև այդ հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը Բերձորի հատվածում, որի հետևանքով մենք մարդկային կորուստներ ունեցանք:

Այս համատեքստում բնականաբար կողմերը չէին կարող բաց թողնել այդ խնդիրը, հատկապես այն համատեքստում, երբ խոշոր դերակատարներն արդեն անդրադարձել էին այդ լարվածությանը: Ռուսաստանը և Թուրքիան չէին կարող անտեսել այս խնդրի քննարկումը, բայց դա փաստացի չի ներառվել երկու ղեկավարների հրապարակային տեքստում, որը որոշակի մտահոգություններ է առաջացնում, որովհետև դա թույլ է տալիս մտածելու, որ տեղի են ունեցել գաղտնի պայմանավորվածություններ, որոնց ականատեսը կարող ենք լինել առաջիկայում»,- շեշտեց  տարածաշրջանային հարցերով փորձագետը:

Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարեց.

«Ցավոք սրտի, որևէ դրական զարգացման, կայունության մասին կանխատեսելի հիմքեր չկան, որովհետև մենք ականատես ենք լինում Թուրքիայի լիակատար աջակցության, իսկ ՌԴ անկարողության պայմաններում Ադրբեջանը սանձարձակ գործողությունների է դիմում, որը շարունակվելու է, քանի դեռ Ադրբեջանն ունի այդ հնարավորությունը:

Ադրբեջանն իր առջև ունի դրված խնդիրներ, որոնց  մասին մշտապես բարձրաձայնում է՝ Արցախի հայաթափում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», Արցախի ապառազմականացում, այսինքն՝ ոչ մի կերպ թույլ չտալ, որպեսզի Արցախը ունակ լինի ինքնապաշտպանություն դրսևորելու:

Այս հարցում Ադրբեջանը վայելում է Թուրքիայի համակողմանի աջակցությունը, ՌԴ-ն՝ որպես 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ, ունենալով հստակ դերակատարում՝ ապահովելու խաղաղություն Արցախի տարածքում, կարծես թե չի կարողանում զսպել Ադրբեջանի ախորժակը, և դրան զուգահեռ ուկրաինական ճգնաժամի հետևանքով սրված աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մենք ականատեսն ենք լինում նաև այլ գլոբալ խաղացողների հետաքրքրվածությանը մեր տարածաշրջանում: Այս ամենի համատեքստում Ադրբեջանն աշխատում է առավելագույն օգուտներ քաղել և քայլ առ քայլ իրականացնել իր առջև դրված խնդիրները»,-եզրափակեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button