Նորություններ

Արարատի մարզում Nissan Murano-ով վթարի ենթարկված վարորդը եղել է 13 տարեկան, 3 վիրավոր ուղևորներն էլ՝ 14 տարեկան

Քրեական վարույթի շրջանակում պարզվել է օգոստոսի 4-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan Murano-ն վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 13-ամյա Բաբկեն Զ-ն, ով ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Բաբկեն Զ-ն, ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 14-ամյա Գառնիկ Ս-ն, Երևանի բնակիչներ՝ 14-ամյա Տիգրան Ա-ն և 14-ամյա Հենզել Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button