Նորություններ

«Նախ պետք է մարդկանց հնարավորություն տային». Գյումրիի առևտրականները դժգոհ են քաղաքապետարանի որոշումից

Գյումրիում անթույլատրելի վայրերում փողոցային առևտուրը տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ որպես լուրջ խնդիր: Բանն այն է, որ բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ չեն ցանկանում շուկա տեղափոխվել՝ պատճառաբանելով, որ իրենց եկամտի չափը թույլ  չի տալիս, որ իրենք կարողանան վճարել զբաղեցրած տաղավարի համար:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, այսօր վաղ առավոտից Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի, պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցները «ազատել» են շուկայամերձ մայթերն ու փողոցները, որտեղ մարդիկ առևտուր էին անում: Ժամեր անց  Շահումյան փողոցի այդ հատվածում, որտեղ տարիներ շարունակ իրականացվել է բացօթյա առևտուր, 1-2 մարդ էր մնացել, ովքեր դժգոհ էին քաղաքապետարանի որոշումից:

Առևտրականները քաղաքապետարանի որոշումը հապճեպ են համարում, նշում են՝ մասնակցել են քաղաքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկմանը, բայց առաջարկվող այլընտրանքային տարբերակներից գոհ չեն, որովհետև նրանց խոսքերով՝ մի քիչ էլ պիտի մարդկանց մասին մտածեն, նախ պետք է հնարավորություն տան, որովհետև մարդիկ տարիներ շարունակ այսպես են իրենց հացի խնդիրը լուծել:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանը բացօթյա առևտուրն արգելելու մասին որոշում ընդունել է անցած տարվա դեկտեմբերին, իսկ մայիսի 1-ից արգելել է անթույլատրելի վայրերում փողոցային առևտուրը։

Խոսքը վերաբերում է Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներին, ինչպես նաև ավտոկայան տանող ճանապարհին, Անի թաղամասին ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքին։ Առևտրականներին տրվել էր ժամանակ մինչև ապրիլի 30-ը, որպեսզի ազատեն շուկայամերձ մայթերն ու փողոցները:

Գյումրու քաղաքապետարանը բացօթյա առևտրի այլընտրանք առաջարկում է տաղավարներ տրամադրելու և առևտուրը փակ շուկայում կազմակերպելու տարբերակները: Տեղափոխվելուց հետո 1 ամիս անվճար են լինելու տարածքները, մեկ տարի անփոփոխ է լինելու մեկ մետրի համար 300 դրամ պայմանը, առևտրականներն ունենալու են նաև պահեստային մաս:

 

 

Back to top button