Նորություններ

«Գործող իշխանությունները վարդագույն երազանք են կառուցել, իսկ ադրբեջանցիները սպանում են հայերին»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝ եթե այս ադրբեջանամետ և թրքահաճո «խաղաղության դարաշրջան» կոչեցյալը շարունակվի, ապա մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ֆիզիկական գոյության հետ:

«Բաքվի գործողությունները ուղիղ հետևանք են Հայաստանի իշխանության, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանին» միտված, բայց իրականում դեպի արհավիրք տանող քաղաքականությանը: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր նպատակները՝ հայաթափել Արցախը և այս կամ այն ձևաչափով մասնատել Հայաստանը: Այս պարագայում մենք պետք է շատ հստակ ֆիքսենք, որ ՀՀ ներկայիս իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականությունը, որն իրենք անվանում են «խաղաղության դարաշրջան», միանշանակ բերել է և բերելու է նորանոր կորուստների, այդ քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի և Արցախի ֆիզիկական գոյությանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

2020թ.-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, այս ամենը տեղի է ունենում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, Ռուսաստանը, որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միջնորդ կողմ, ինչո՞ւ է թերանում իր պարտականությունների կատարման մեջ և ինչպե՞ս  պետք է արձագանքի նման դեպքերում:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Աբովյանը հայտարարեց.

Արման Աբովյան

«Պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտումը, չեղարկումը, ըստ էության, տեղի է ունեցել 2020թ.-ի դեկտեմբերին, 2021թ.-ի գարնանը, նոյեմբերին, երբ Ադրբեջանը հետևողականորեն խախտում էր և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության բոլոր դրույթները: Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա ես ուզում եմ մեջբերել Փաշինյանի խոսքերը, երբ ասում է, որ պետք է հստակեցվի խաղաղապահների գործառույթը, քանի որ նրանց գործառույթը հստակեցված չէ: Փաշինյանի խոսքերից ստացվում է, որ պայմանական խաղաղապահները չունեն իրավասություն, բայց ոչ թե չունեն իրավասություն, այլ ամրագրված չէ, թե նման դեպքերում խաղաղապահները ինչպես պետք է արձագանքեն: Իշխանությունը կրկին շարժվում է  իր սիրած մեթոդով, այսինքն՝ շուրջբոլորը մեղավոր են, բացի իրենցից: Իհարկե խաղաղապահ առաքելությունն ունի պարտավորություններ, նրանք պիտի ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը:

Արման Աբովյանը, անդրադառնալով Արցախից հայկական զորքի դուրս բերմանը, հայտարարեց.

«Վազելով հայկական զորքը դուրս բերեցին Արցախից.  հայտարարությունները, որ զորքը հանել ենք, բայց ադրբեջանցիները շարունակում են իրենց սադրանքները, անհասկանալի են ու անտրամաբանական։ Կամ էս մարդիկ չեն հասկանում, թե ինչ են խոսում, կամ նրանք առհասարակ ունակ չեն ընկալելու ճշմարտությունը:

Գործող իշխանությունները վարդագույն երազանք են կառուցել և անունը դրել են «խաղաղության դարաշրջան» Ադրբեջան կոչվող վայրի ցեղերի հետ, որոնք մի բան էլ զարմանում են, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի խաղաղություն լինի, իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը, միևնույն է, սպանում են հայերին:

Եթե այս ադրբեջանամետ և թրքահաճո «խաղաղության դարաշրջան» կոչեցյալը շարունակվի, ապա մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ֆիզիկական գոյության հետ:

Ադրբեջանն ու Թուրքիան էլ ինչ պետք է խոսեն կամ ինչ անեն, որ ի վերջո մարդիկ հասկանան, թե այսօրվա իշխանությունները խաղաղություն գոռալով ուր են մեզ տանում: «Խաղաղության դարաշրջան» ադրբեջանամետ և թրքահաճո քաղաքականությունը շարունակում է և շարունակելու է խժռել ոչ միայն իր «զավակներին», այլ նաև մեզ բոլորիս. սա տրամաբանությանն անհամապատասխան իրավիճակ է»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button