Նորություններ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. Toyota Land Cruiser-ից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի. հայտնաբերվել է մոտ 14 կրակված պարկուճ

Օգոստոսի 5-ին մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser  մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցով ընթանալիս, Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են վարորդին, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ, չի կարողացել ճողոպրել պարեկներից: Պարեկները կարողացել են  2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը:

Նշված վայրում հայտնաբերվել է ատրճանակից արձակված մոտ 14 պարկուճ:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button