ՆորություններՔո ձայնը

«Յան տվեք Մինսկի խմբից» — «Հյուսիսային Հայաստանում ձեր համար ազգային օջախ կապահովենք». արհեստական ինտելեկտի մտքերը. Ս. Դանիելյան

«Քանի որ Արցախում վիճակը ժամանակավորապես հանգստացել է, փորձեցի մի արհեստական ինտելեկտի ծրագրից օգտվել, ներբեռնեցի տարածաշրջանի դասավորվածությունն, ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնատարների ու կառավարությունների կարծիքն արտահայտող փորձագետների առանցքային հայտարարությունները, որպեսզի տեսնեմ, թե գլխավոր խաղացողներն ինչպես են գնահատում իրավիճակն այս պահին: Արհեստական ինտելեկտն այսպիսի մտքեր գեներացրեց»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ռուսաստանն սենք բաներ սկսեց խոսել. — Այ Հայաստան, Արեւմուտքի ակտիվանալն Արցախի հարցում պատերազմի է հանգեցնելու, մեր գլխին փորձում են սարքել ու երկրորդ, երրորդ ճակատ բացել։ Այս անգամ Արցախում դեռ մեղմ եք պրծել, հաջորդ անգամ կարող է ավելի վատ լինել ու ամեն ինչ չի սահմանափակվի միայն Արցախով: Արցախը մի կերպ կպահենք, դուք մնացածի մասին մտածեք:

Յան տվեք Մինսկի խմբից, մթամ էդ 20 տարում ինչ խեր եք տեսել այդ խմբից, որ հիմա ինչ եք սպասում: Արցախի ճակատագիրն էլ ոչ միջազգային իրավունքից է կախված, որը չկա, ոչ էլ ինչ-որ խմբերից, դա աշխարքաղաքական դասավորվածություններից է որոշվում: Հիմա ձեզ համար այդ դասավորվածությունը շատ վատ է, վաղը կարող է վիճակը շուռ գալ դեպի լավը, կարող է և շուռ չգալ: Լավրովի պլանով ուզում էինք որ մի բան տաք, հիմնականը պահեք, որ հանգիստ պատրաստվենք Ուկրաինայի կռվին, դուք էլ նվեր արեցիք թուրքերին, մեզ ու Իրանին էլ տնգցրեցիք:

Որ պատերազմն այդ 20 տարում չէր լինում, դա Ադրբեջանի թուլությունից էր, ու երբ Իսրայելը, Բրիտանիան սկսեցին զինել ու փող ներարկել, Ադրբեջանը սկսեց ուժեղանալ, հավասարակշռությունը խախտվեց, Թուրքիան էլ սկսեց ինքնուրույն խաղալ, վիճակը փոխվեց:

Դուք էլ էշություններով էիք զբաղված, ոչ Իրանի հետ կոմունիկացիաներ էիք կառուցում, ոչ էլ տնտեսություն, ոչ էլ հանրությանը մարտահրավերների դեմ համերաշխություն էիք կառուցում, այլ հակառակը, սոցիալական անարդարությունն էիք խորացնում, ու դա պատերազմող երկրում: Ձերոնցից էլ շատերը մտածում էին, որ մենք ամեն ինչ գիտենք ու ձեր փոխարենք ենք ամեն ինչ անելու: Կարճ ասած, ոչ մի բան պետք չեք: Մենք էլ կարծում էինք հին ազգ եք, շախմատ խաղալ գիտեք:

Հիմա էլ չենք հասկանում ինչով եք զբաղված: Բրիտանիան ակնհայտորեն Ադրբեջանի համար է աշխատում, որ ուժեղացնի Ադրբեջանն ու թյուրքական աշխարհ ստեղծի, որ Իրանի ու մեզ հետ կռվի տանի, դուք էլ էնքան քյալ եք, որ ձեր բանակում բրիտանական զինվորական հետախույզները թրեյնինգներ են անցկացնում, որ ձեր բանակը ուսումնասիրեն, ձեր սպաների հոգեբանական պատկերը ստանան ու հետո դրանք դնեն Ադրբեջանի բանակի սեղանին: Էլ ձեր հետ դրանից հետո ինչ խոսենք:

Ամերիկան մեզ՝ Ռուսաստանին ու Իրանին, ուզում է պատերազմների մեջ ներքաշել: Թուրքիայի հետ էլ հազիվ ածելիի եզրին պայմանավորվում ենք։ Մի թեթեւ աջ ու ձախ, լարվելու է վիճակն, առանց այդ էլ Թուրքերի արածներից ահագին բան կուլ ենք տալիս։ Էս անգամ Արցախում չեմ խառնվել, որ հասկանաք, թե թուրքերը ձեզ հետ ինչ կանեն, մյուս անգամ արդեն դա Հայաստանում կտեսնեք, եթե շարունակեք Բլինկեն, Ժան Միշել, Մինսկի խումբ, «համապարփակ խաղաղություն» խաղացնել: Որ դուք ձեր լավը չեք ուզում, մեզնից ինչ եք ուզում:

Մեկ էլ սաղ օրը հակառուսական պրոպագանդա մի արեք, վատ կվերջանա, մենք չենք գնա, բայց լիքը կկոտորվեք, պետք լինի ձեզ կհանենք այդտեղից, քրդեր կբերենք ձեր փոխարեն, չնայած դա չենք ուզում, բայց եթե ստիպված լինենք, կանենք:

Ամերիկան ավելի բարդ էր մտածում. — Ամերիկայում լիքը հայ կա, մեջները խելոք մարդիկ էլ կան, լավ սփյուռք, լոբբի-մոբբի ունեք, մենք էլ ձեզ լուրջ էինք վերաբերվում, բայց պարզվեց արաբից, քրդերից, ու տարածաշրջանի մյուս ժոովուրդներից առանձնապես ոչնչով չեք տարբերվում: Երբ ավտորիտար իշխանություններ են հաստատվում ձեր մոտերքը, դեռ ոչինչ, ինչ-որ քաղաքականություն ձեր կողմերը կարողանում են վարել, բայց որ դեմոկրատիա է լինում, դառնում եք բարդակ, դրա համար մենք պետք է ձեր մեջ դեմոկրատիա տարածենք: Կներեք, կյանքի օրենք ա, կամ մեզ են օգտագործում, կամ մենք ենք մյուսներին օգտագործում, մենք չենք դա հնարել, հնուց այդպես է:

Հիմա ռուսները հաբռգել են, ասում են իրենք էլ են ուզում առաջին համարով խաղալ, Իրանն էլ միջուկային զենք է ստեղծում, որի օրինակին կհետևեն թուրքերը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը …: Բա տենց բան կլինի: Պետք է ռուսների ու Իրանի հարցը լուծվի ու դրա համար մեզ թյուրքական աշխարհ է պետք, բայց դրա համար դուք խանգարում եք, ռուսների ու Իրանի պոչից եք բռնել: Ձեզ հասկանում ենք, դուք էլ մեզ հասկացեք:

Որ Վիլսոնին եք հավատում, Երևանից էս կողմ ձեզ տարածք կտանք, Վրաստանի մեջ կմտնեք որպես ինքնավար մարզ, կմտնեք ՆԱՏՕ, ու մենք ձեր անվտանգությունը կերաշխավորենք: Եթե վրացիները համաձայնվեն, նոր երկրի համար մի սիրուն անուն ենք մտածել՝ Ջորջարմիա, բայց Ռուսաստանի ու Իրանի հարցը պետք է լուծենք, ներող:

Բլինկենին ու Ժան Միշելին ասել ենք, որ համապարփակ խաղաղության հարցը ակտիվ բարձրացնեն, որ Արցախի հարցը փակենք ու ռուսներին էլ այնտեղից քշենք, կումունիկացիաները բացենք Անկարա-Բաքու-Աշխաբադ-Աստանա-Բիշքեկ երթուղով ու եթե Իրանն ու Ռուսաստանը դիմադրեն, ավելի լավ, վերջապես Թուրքիայի Իրանի ու Ռուսաստանի հետ կռիվ կսարքենք, Ռուսաստանի ու Իրանի ներսում էլ թյուրքերի ապստամբությունը կբարձրացնենք ու թող իրար ուտեն: Եթե թուրքերն էլ շատ ոգևորվեն, քրդերին կակտիվացնենք, իրենց հարցն էլ կլուծենք: Դե ասեցինք արդեն, Հյուսիսային Հայաստանում ձեր համար ազգային օջախ կապահովենք, դրա տերն ենք, ավել բան չենք կարա անենք, դե կներեք, ինչպես Ֆրանկլինն էր սիրում ասել՝ C’est la vie:

——

Հիմա չգիտեմ, թե այդ արհեստական ինտելեկտի ծրագիրը որքանով է որակով, որքանով է կատարյալ, կամ գուցե ես ոչ բոլոր տվյալներն եմ մուտք արել: Եթե ավելի լավ ծրագրի հասցե գիտեք, ասեք, դա էլ փորձենք»,-գրել է քաղաքագետը:

Back to top button