Նորություններ

«Ադրբեջանի և Թուրքիայի պլան մինիմումը ճանապարհի բացումն է, որի առաջին քայլը կլինի Հայաստանից առաջին մեծ զիջում կորզելը». քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի պլան մինիմումը ճանապարհի բացումն է, որի առաջին քայլը կլինի Հայաստանից առաջին մեծ գլոբալ զիջում կորզելը:

«Ադրբեջանը չի դադարեցնելու իր սադրանքները, քանի դեռ չի հասել իր նպատակներին, իսկ թե ինչու են հատկապես հիմա ակտիվ, պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 5-ին տեղի է ունենալու Պուտին-Էրդողան հանդիպումը: Կարծում եմ, որ  Ադրբեջանը խնդիր ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին ցույց տալու, որ կարող է ռուսական զորախմբի ազդեցության գոտուց ոչ միայն հանել, այլ նաև երթուղի տեղափոխել: Դա Ալիևին բավականին լուրջ դիվիդենտներ է բերելու, իսկ սա մեզ համար ևս մեկ հոգեբանական  ճնշում է լինելու, որը մեր մեջ կմտցնի այն մտայնությունը, որ մենք որևէ կերպ չենք կարող ազդել գործընթացների վրա, որոնք այսօր տեղի են ունենում: Բացի այդ, կա նաև աշխարհաքաղաքական գործոնը. այս իրավիճակում, երբ աշխարհում կան տարբեր թեժ կետեր, որտեղ ամեն րոպե կարող է տեղի ունենալ պայթյուն, Ադրբեջանը փորձում է այն հարցերը, որոնք այլ պարագայում ստիպված կլիներ համաձայնեցնել այս կամ այն կողմի հետ, ապա հիմա իր ավագ եղբոր՝ Թուրքիայի հովանավորությամբ ահաբեկչական մեթոդներով կյանքի կոչել: Հիմա Ադրբեջանի կողմից ահաբեկչական մեթոդներ են կիրառվում Հայաստանի և Արցախի դեմ: Այսինքն՝ փորձում են ասել, որ եթե դուք չեք կատարում այն, ինչ ես ուզում եմ, ուրեմն ես  կհարձակվեմ, սադրանքներ կանեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի նպատակներից մեկը Արցախի վերջնական հայաթափումն է:

Արա Պողոսյան

«Ուզբեկստանում օրերս տեղի ունեցավ թյուրքալեզու պետությունների համաժողով, որի ժամանակ շեշտը դրված էր կոմունիկացիոն ուղիների վրա, առևտրաշրջանառության մեծացման վրա, իսկ այդ հանդիպումից առաջ, Թեհրանի հանդիպումից հետո թուրքական հեռուստաընկերություններով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն սկսեցին շրջանառել «Թուրանի ճանապարհը»: Եթե այս ամենը ընդհանուր ռեգիոնալ մակարդակում դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ Թուրքիան այս փուլում ձգտում է արագացնել թյուրքալեզու պետությունների ինտեգրացիան, որը կդառնա մոտավորապես ԵՄ-ի նման միություն, որը անվանելու են Թուրան, և ճանապարհը, որ իրենց համար ունի սիմվոլիկ նշանակություն, թուրքական հեռուստաընկերությունները անվանում են թուրքական ճանապարհ: Այսինքն՝ հիմա Ադրբեջանի և Թուրքիայի պլան մինիմումը ճանապարհի բացումն է, որի առաջին քայլը կլինի Հայաստանից առաջին մեծ գլոբալ զիջում կորզելը: Բնականաբար Բերձորի միջանցքը ստանալուց հետո հասնելու են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի իրագործմանը: Քայլերի հաջորդականությունը դրան են տանում, ես դրանում որևէ կասկած չունեմ: Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում գործում են բավականին սինխրոն:

Դրանից հետո ադրբեջանական կողմի գործողությունները պետք է հանգեն նրան, որ Արցախը հայաթափվի: Վերջերս խոսվեց այն մասին, որ Հայաստանը պետք է զորքը դուրս բերի Արցախից, բայց մենք գիտենք, որ Հայաստանը Արցախում ներկայացված է  իր վերջին զորակոչիկների տեսքով, ոչ թե զորքի: Ինչին ԱԽ քարտուղարը արձագանքեց, որ մինչև սեպտեմբեր վերջին զորակոչիկները դուրս կգան Արցախից:

Կարծում եմ, որ դրան կհետևի Պաշտպանության բանակի վերաբերյալ շահարկումներ, որ դրանք ևս ՀՀ ԶՈՒ մասեր են և պետք է դուրս բերվեն Արցախից»,- ընդգծեց քաղաքագետը:

«Հայաստանը լուրջ գործնական անելիքներ ուներ… միայն վերջին 2 տարին մեզ համար ոսկե ժամանակահատված էր մեր ուժերը վերականգնելու համար: Պետք է գնային ազգային անվտանգության ռազմավարության փոփոխության, բայց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը այս պահին  մնում է 2019թ.-ի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը կարծում եմ, որ իրենից ռազմավարություն չի ներկայացնում, որովհետև այնտեղ բաժակաճառային ցանկություններ են գրված,  և չկա կոնկրետ ռազմավարական նպատակադրում:

Հաջորդ քայլը, որ պիտի արվեր, ռազմավարության ծրագրից բխող անվտանգային համակարգի կառուցումն էր: Դրան հասնելու համար պետք էր մասնագետների թիմ, ովքեր կգնահատեին և կվերլուծեին անվտանգային համակագի դեֆորմացիան հետպատերազմական փուլում: Դեֆորմացված անվտանգային համակարգի մոդերնիզացման ուղղությամբ պետք է կատարվեին հստակ աշխատանքներ: ԶՈԻ պետք է տեղի ունենային ռազմական ստորաբաժանումների արդիական մոտեցմամբ վերափոխումներ»,- եզրափակեց քաղաքագետ Արա Պողոսյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button