ՆորություններՔո ձայնը

«Հեղափոխական թիմը» յուրացնում է բոլոր «քյաբաբները», իսկ «Դիմադրության շարժումը»՝ «նոր քյաբաբներ» խլելու խոստումներ տալիս

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մինչ մեր հիմիկվա խնդիրներին գամ, գնանք պատմության ծոցը:
6-րդ դարում Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը որոշում է օրենսդրությունը կարգավորել, դրա համար հանձնաժողով է ստեղծում, որի վրա երկար աշխատելուց հետո նոր կարգավորված օրենսդրություն է մշակում՝ Հուստինիանոսի Կոդեքսը: Այդ Կոդեքսը ժամանակակից օրենսդրության հիմնաքարն է:
Ուրեմն, Կոդեքսում երկու նովելներ՝ իմա հոդվածներ, նվիրված են մեզ՝ հայերիս:

NOVELLA XXI-ում ասված է, որ «Հայաստանը զուրկ է օրենքներից ու կիրառում է բարբարոս սովորույթներ»: Իսկ այդ ժամանակներում Սիրիայի Հակոբ Յեդեսացին Sermo Adversus Armenos ճառում ավելի է հստակեցնում վիճակն՝ ասելով. «Հայաստանի ժողովուրդներն աշխարհի սկզբնավորումից ի վեր ապրել են առանց օրենքի», իսկ Բյուզանդիայի պատրիարք Ատտիկոսը Հայոց կաթողիկոսին գրված նամակում ասում է. «Բազում գոհութիւն Աստուծոյ մատուցանեմք յաղագս քոյ բարեհամբաւութեանդ ի մէջ այդպիսի բարբարոս ազգի…»:

Հույներն ու լատինացիները բոլոր ժողովուրդներին բարբարոս էին անվանում, սակայն ես մեջբերել եմ իրավական փաստաթղթից հատված, որտեղ «բարբարոսի» տակ հասկանում են ոչ օրենքով ապրող ազգեր: Պատրիարքն էլ էր այդ տրամաբանությամբ գրել իր նամակը:

Մինչ հիմիկվա վիճակին անցնելը մի թռուցիկ տեղեկանք: Ուրեմն, Հին Հռոմը բարբարոս քաղաքից քաղաքակրթության կենտրոն, հետագայում կայսրության է վերածվել հարաբերությունները օրենքներով կարգավորելու շնորհիվ: Դեռևս մ.թ.ա. 450 թվականին ծանրագույն դեբատների ու դեմարշների պայմաններում պլեբեյները կարողացան պատրիկներին ստիպել ընդունել Leges duodecim tabularum-ը, այսինքն 12 տախտակները, որոնք կարգավորում էին քաղաքացիների միջև հարաբերությունները՝ կարգավորելով ընտանեկան, սեփականության, ժառանգության, առևտրական հարաբերություններն ու քրեական հանցագործությունների տարբերակումներն ու պատիժները, նաև հավասարեցնելով պատրիկների ու պլեբեյների իրավունքները:
Հին հռոմեացիք՝ հոռոմները, մինչ այդ երկու կարևոր հարց էլ էին լուծել՝ ընտրությունների միջոցով սենատ ընտրել՝ որոշումների ընդունման մեխանիզմները կարգավորելով, ու լեգիտիմ կառավարիչներ ընտրել՝ կոնսուլներ: Ուշադրություն, մեր մ.թ.ա. V դարում, ջոկում եք, ու ինչ արդյունքների են դրանցով հասել:
Հիմա գանք մեր տխուր ժամանակներին ու մեր դժբախտ երկրին: 12 տախտակներից 2.500 տարի անց անգամ սեփականության անձեռնմխելիության իրավունքը դեռ կարգավորված չէ, որը խաղարկելով՝ «քյաբաբ առ քյաբաբ ժողովրդին վերադարձնելու» խոստումով 2018 թվականին զավթվեց ու հետագայում ավերվեց պետությունը, ու հիմա «հեղափոխական թիմը» յուրացնում է բոլոր «քյաբաբները»՝ հիմք ստեղծելով հաջորդ հեղափոխության ու սեփականության վերաբաշխման համար:

Բայց դա ամենը չէ, 2018-ին իշխանությունը բռնազավթած շառլատանների դեմ պայքարի համար ձևավորվում է «Դիմադրության շարժում», որը ոչ միայն «նոր քյաբաբները» խլելու խոստումներ է տալիս, այլ անգամ չի կարողանում որոշումների կայացման հանրության համար լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել անգամ սահմանափակ թվով դիմադրողականների շրջանակում՝ ովքեր են դիմադրում, ոնց են ղեկավար դիմադրողներին ընտրում, ովքեր են ընտրում, ոնց են որոշում կայացնում, ինչ հիմքով, ով ինչի համար է պատասխանատու և այլն:

Այն, ինչը Հռոմում 2500 տարի առաջ կարողացել են կարգավորել, 2500 տարի հետո ներկայիս Հայաստանում չի կարգավորվում:

Հայաստանը կարող է այս վիճակից դուրս գալ այն դեպքում, երբ որևէ մի երրորդ ուժ, իմա՝ մարդկանց խումբ, ի հայտ կգա, որը կարողանա իր ներսում հարաբերությունները կանոնակարգել, հենց իր ներսում որոշումների ընդունման լեգիտիմ մեխանիզմներ ստեղծել, ինչպես Հիմ Հռոմում, ու այդ օրինակը տարածել ողջ երկրի վրա:

 

Back to top button