ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Երբ ծառայությունից էինք խոսում, վստահ ասում էր, որ պիտի գնա սահման, «թուրք խփի», որ պատմելու բան ունենա». 18-ամյա հերոսի քրոջ պատմությունը

2020թ.-ի հուլիսին բանակ զորակոչված 18-ամյա Արսեն Դավթյանը՝ դպրոցական նստարանից նոր կտրված, զինվորական կյանքին դեռ չընտելացած, մասնակցեց Արցախյան 44-օրյա պատերազմին: Նոր-նոր զենքի հմտությունները յուրացրած նորակոչիկները կարողացան մինչև վերջին շունչը կռվել ու պահել իրենց վստահվածը: Ինչպես Առաջին արցախյան պատերազմում, Ապրիլյան քառօրյայում, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ հայ զինվորն ու սպան հերոսական  պատմություններ են կերտել:

Արսեն Դավթյանը ծառայել է Հադրութում, պատերազմի ժամանակ… Լինելով 2 ամսվա ծառայող՝ կռվել է թշնամու դեմ սկզբում Հադրութում, հետո Մարտունիում, Քարինտակում: Արսենի պայքարն ավարտվում է նոյեմբերի 7-ին Շուշիում:

«Արսենի համար շատ կարևոր էր ծառայելը և հատկապես Արցախում ծառայելը: Արսենենք երեք եղբայր են. մեծ եղբայրը Մատաղիսում է ծառայել, միջնեկ եղբայրը երբ ծառայության գնալիս վիճակահանության ժամանակ Գորիս է հանում, Արսենը դա անընդհատ Կարենի «երեսով» էր տալիս, ասում էր՝ ես պիտի նորմալ տեղ գնամ ծառայեմ, ոչ թե Կարենի նման, Կարենն էլ պիտի ասի՝ ծառայել եմ, հա՞: Երբ ծառայությունից էինք խոսում, վստահ ասում էր, որ պիտի գնա սահման, «թուրք խփի», որ պատմելու բան ունենա: Ընդամենը երկուսուկես ամսվա ծառայող լինելով՝ Արսենը հաղթեց Հադրութում, Մարտունիում, բայց Շուշիում հողը նրան ավելի շատ սիրեց, անսահման շատ: Ասաց ու արեց, պարզապես չհասցրեց պատմել:

Պատերազմի օրերին 2-3 օրը  մեկ զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ  նորմալ է, երբ խոսելու ընթացքում կրակոցի ձայներ էինք լսում, ասում էր՝ զորավարժություններ են, կամ՝ մերոնք փորձարկումներ  են անում և այլն, և այլն: Էդ ժամանակ  Հադրութում էր, ամենաթեժ կռիվների մեջ: Մեզ ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, էստեղ հանգիստ է, ասում էր՝ մենք թաքստոցներում ենք: Հետո, երբ տեղափոխվել էր Մարտունի, ասում էր՝ մեզ անվտանգ տեղ են տարել, երբ տեղափոխել էին Քարինտակ, փորձում էր տեղը մեզ հասկացնել: Ասում էր՝ ինչո՞վ են խփում, որ ասում են՝ չի կարելի, դրա մեջ արյուն կա. էդպես փորձեց հասկացնել, թե որտեղ է: Ասաց՝ ամեն ինչ նորմալ է, էստեղ լրիվ հանգիստ է: Դրանից հետո Արսենը յոթ օր չզանգեց»,- ԳԱԼԱ-ի հետ  զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արսեն Դավթյանի մորաքրոջ աղջիկը՝ Լիլիթ Գևորգյանը:

Լիլիթն ասում է, որ նոյեմբերի 4-ին Արսենից ստանում են այդքան սպասված զանգը.

«Նոյեմբերի 4-ին խոսում ենք, ամսի 5-ին Կարենի՝ միջնեկ եղբոր ծնունդն էր, ժամը 12-ին էլ է զանգում, եղբոր ծնունդն է շնորհավորում: Ամսի 6-ին էլի է զանգում, ասաց՝ ամեն ինչ նորմալ է:

Նոյեմբերի  7-ին Արսենը կռվի դաշտից զանգում է եղբորը, ասում է՝ ինձ կներեք, բոլորիդ շատ սիրում եմ, բայց էլ չեմ գա: Ասել է, որ մի քանի տեղից վիրավոր է… Կարենն ասում է, որ գոռոց լսեց ու վերջ… Կարենն ասում է, որ մինչև հիմա Արսենի այդ ձայնը ականջների մեջ է:

Ես ուզում եմ մտածել, որ տղերքը տանջված չլինեն, Արսենը երկու անգամ շրջափակման մեջ է ընկել, շրջափակման մեջ հայտնվելով՝ կռվել է:

Արսենը, լինելով 18 տարեկան, նորմալ զենք բռնել էլ չգիտեր, բայց կռվեց, չփախավ… պատերազմի օրերին հարցնում էի՝ Արս, թուրք խփե՞լ ես, ասում էր՝ էնքա՜ն, կգամ, կպատմեմ: Ասում էր՝ նույնիսկ կռիվ կինոներում էդպիսի բան չկա, ինչ մենք տեսել ենք: Էնքան բան ունեմ պատմելու, կգամ սաղ կպատմեմ:

Կենսասեր, կենսախինդ, լուսավոր, գերակտիվ, սիրուն, ժպտերես ու հումորով էր մեր Արսենը»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արսեն Դավթյանի մորաքրոջ աղջիկը՝ Լիլիթ Գևորգյանը:

Արսեն Անդրեյի Դավթյանը ծնվել  է 2001թ.-ի նոյեմբերի 24-ին Երևանում, ընտանիքի կրտսեր որդին է: Դպրոցն ավարտելուց հետո անցել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ Հադրութում: Պատերազմի օրերին կռվել է Մարտունիում, Քարինտակում, քաջաբար զոհվել է նոյեմբերի  7-ին Շուշիի համար մղվող մարտերում:

Անահիտ Չալիկյան

Back to top button