ՆորություններՍպորտ

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Արման Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

Ազատ ոճային ըմբիշ, 45 կգ քաշային Արման Հարությունյանը Հռոմում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր՝ որոշիչ գոտեմարտում 2-0 հաշվով հաղթանակ տանելով իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ։

Արմանը որակավորման փուլում 13-7 հաշվով հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցչին, սակայն քառորդ եզրափակչում զիջել էր ամերիկացի ըմբիշին։ Վերջինս հասել է եզրափակիչ և Արման Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել, որտեղ 8-7 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ և գոտեմարտել բրոնզե մեդալի համար։

Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է հենց ամերիկացի Դոմենիկ Մայքլ Մունարետոն՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին։

Ազատ ոճայիններից աշխարհի պատանեկան առաջնությունում պայքարը շարունակում են նաև 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարում Եփրեմյանը կգոտեմարտի Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի հետ, իսկ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի իրանցի Ալի Ալիզադեհ Մալաֆեհը։

armsport.am

Back to top button