Սևանից միայն խլում են… խլում են լավագույնը, իսկ փոխհատուցում վատթարագույնով

Սեւանա լճի աղտոտման և ծաղկման մասին վերջին շրջանում հրապարակումների և ահազանգերի պակաս չեղավ: Այս տարի դրա նշաններն առավել ցայտուն երևացին հուլիսի կեսերին՝ առավել մեծ տարածքներ ընդգրկելով:
Բարեբախտաբար, խնդիրը չխորացավ, և որոշ ժամանակ անց այդ տհաճ երևույթը նահանջեց՝ թույլ տալով հանգիստ շունչ քաշել ափամերձ շրջաններում աշխատող տնտեսվարողներին և Սևանի սառը լոգանքը նախընտրող քաղաքացիներին: Սակայն ծաղկման և ճահճացման վտանգը մեծ հաշվով կախված է մնում Սևանի գլխին. խնդրին հիմնարար լուծում տալու համար պետական մոտեցում է անհրաժեշտ, համալիր միջոցառումների շարք, որի խոստումները լսում ենք տասնյակ տարիներ, սակայն ձեռք մեկնող չկա:
Սևանից միայն խլում են… խլում են լավագույնը՝ զուլալ ջուրը, ափամերձ կուսական տարածքները, ձկնատեսակները, և փոխհատուցում վատթարագույնով՝ կեղտաջրերով և կենցաղային աղբով: