Նորություններ

Ադրբեջանական իշխանությունները անթաքույց շարունակում են հայատյաց ու ագրեսիվ քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական ու հոգեբանական բռնության, կյանքից դիտավորյալ զրկելու հանցավոր վարքով, և որևէ հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Թաղավարդում ու Կարմիր Շուկայում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակած գնդակները և վերջին օրերի հրադադարի այլ խախտումները դրա հերթական ապացույցներն են: Ադրբեջանական իշխանությունները որքան էլ խաղաղություն ու բարեկրթություն խաղան, միևնույն է՝ նրանք անթաքույց կերպով շարունակում են հայատյացության ու ագրեսիվության քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը և նվաստացնել հայկական պետականությունն ու բոլոր հայերին: Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական ու բոլոր կողմերի համար արժանապատիվ երկխոսության ու խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում էլ երկարաժամկետ կայունություն չի կարող լինել: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը այլընտրանք չունի, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերը մեր հայրենիքում և դա է միակ ճանապարհը կանխելու մի նոր ցեղասպանություն աշխարհի վրա»,- նշել է Ա. Բեգլարյանը:

Back to top button