Նորություններ

«Լոկալ միջադեպեր միշտ կլինեն, որովհետև այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, ընդունելի չէ Հայաստանի համար». Դ. Հարությունով

Ռազմական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ լոկալ միջադեպեր միշտ կլինեն, որովհետև այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, ընդունելի չէ Հայաստանի համար. իրավիճակը կշարունակվի այնքան, մինչև որոշակի խնդիրներ չլուծվեն կամ ինչ-որ միջամտություն չլինի:

«Ադրբեջանը բացահայտ կերպով արտահայտում է իր դժգոհությունը Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման տեմպերից: Երեկվա սահմանային միջադեպերն էլ կարելի է տեղավորել այդ տրամաբանության մեջ: Այսինքն՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով՝ Ադրբեջանը փորձում է արագացնել գործընթացը, բայց իրենց համար ցանկալի պայմաններով:

Պատերազմից հետո Ադրբեջանն այս նույն մարտավարությունն է կիրառում, այս իմաստով՝ որևէ նոր բան չկա: Չի բացառվում, որ Ադրբեջանը պարբերաբար կդիմի էսկալացիաների, բայց լայնածավալ պատերազմի վտանգը քիչ հավանական է, որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին զսպող մեխանիզմները աշխատում են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովը:

Նրա խոսքով՝ այդ զսպող մեխանիզմներից մեկը ռուսական զորքի ներկայությունն է, որովհետև հակառակ դեպքում Ադրբեջանը վաղուց կգնար արկածախնդրության, Ադրբեջանին պետք չէ, որ Ռուսաստանի հետ  խնդիրներ ունենա:

Դավիթ Հարությունով

«Ռուսաստանի գործոնն ինչքան էլ թուլացել է, բայց օբյեկտիվորեն աշխատում է. առաջիկա ժամանակահատվածում իրավիճակը սահմանագոտու տարբեր հատվածներում չի կայունանա, որովհետև Ադրբեջանի պատկերացմամբ կան խնդիրներ, որոնք դեռևս չեն լուծվել: Լոկալ միջադեպեր միշտ կլինեն՝ մնալով միջադեպերի շրջանակների մեջ, չվերածվելով լայնածավալ բախումների: Ինչ առաջարկում է Ադրբեջանը, ընդունելի չէ Հայաստանի համար, հետևաբար այս  իրավիճակը կշարունակվի այնքան, մինչև որոշակի խնդիրներ չլուծվեն կամ  ինչ-որ միջամտություն չլինի:

Հիմա Արևմուտքը  դիվանագիտական գործողություններ է իրականացնում, բայց տարածաշրջանում ռազմական ներկայություն ունենալու պատրաստակամություն չի  դրսևորում: Եվ ուկրաինական փորձը ցույց տվեց, որ տեխնիկական  իմաստով էլ նրանք խնդիրներ կունենան: Արևմուտքի միջամտությունն ուղղակի զուգահեռ ֆորմատ է Ռուսաստանի միջնորդության ֆորմատի հետ, որը հայկական կողմին մանևրելու տեղ է թողնում»,- նշեց Հարությունովը:

Դավիթ Հարությունովի խոսքով՝ ամբողջ աշխարհում իրավիճակը քաոսային և անկանխատեսելի է, եւ դրանք մեր տարածաշրջանի վրա ազդեցություն են ունենում:

«Օրինակ՝ ուկրաինական ճգնաժամի դեպքում մենք զգացինք դրա ազդեցությունը, Հայաստանի համար անվտանգային մարտահրավերներ  առաջացան, որովհետև  1991թ.-ից սկսած և 2020թ.-ից հատկապես Ռուսաստանն է կարևորագույն գործոնը, որն ապահովում է անվտանգությունը:

Եթե Ռուսաստանը ներքաշվում է ծանր կոնֆլիկտի մեջ, պարզ է, որ Ռուսաստանի  հնարավորությունը մեր տարածաշրջանում ինչ-որ բան անելու համար պակասում է, որից օգտվում են Ադրբեջանը և Թուրքիան, և դա մենք տեսանք ռուս-ուկրաինական պատերազմի սկզբի օրերին՝ Փառուխի, Խրամորթի դեպքերի ժամանակ: Ինչքան ձգձգվի ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, այնքան Հայաստանի համար իրավիճակը կբարդանա»,- եզրափակեց ռազմական հարցերով վերլուծաբան Դավիթ Հարությունովը:

Հիշեցնենք, որ երեկ  ադրբեջանցիները մոտ 20 րոպե հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Արցախի Մարտունու շրջանի  Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այնուհետ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Անահիտ Չալիկյան

Back to top button