Նորություններ

Իրաքի շիաները՝ Թուրքիային. «Քանի դեռ արյունը հոսում է մեր երակներում, Օսմանյան կայսրություն չի ստեղծվելու Իրաքի տարածքում». տեսանյութ

Իրաքյան շիայական ռազմական կազմավորումը հայտարարել է, որ Իրաքի տարածքում թուրքական ռազմաբազաների հարձակման պատասխանատուն է: Կազմավորումն ավելացրել է, որ թույլ չի տալու թուրքական ներկայության ընդարձակմանը Իրաքի հաշվին:

 

«Սարայա Աբաբիլ» անվանումը կրող ռազմական կազմավորումը օրեր առաջ տեսանյութ է տարածել, համաձայն որի՝ «Մուրադ 6» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հրթիռակոծել է թուրքական «Սիրի» ռազմաբազան և Իրաքի հյուսիսում տեղակայված «Բարուխի» ճամբարը: Տեսանյութում ասվում է, որ այս գործողությունները կատարվել են ի պատասխան նահանգի Զախո քաղաքի «Բարխ հագստավայրի հրթիռակոծման և իրաքցների նահատակման»:

 

«Քանի դեռ արյունը հոսում է մեր երակներում, Օսմանյան կայսրություն չի ստեղծվելու Իրաքի տարածքում»,- ասվում է տեսանյութում:

 

Ավելացնենք նաև, որ «Սարայա Աբաբիլ»-ը շիայական ռազմական կազմավորումներից է, որը ավելի վաղ ստանձնել էր Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի նկատմամբ իրականացված հարձակումների պատասխանատվությունը: Իսկ «աբաբիլ» բառը արաբերենից թարգմանաբար նշանակում է «թռչունների երամ» և Ղուրանում հիշատակվել է մեկ անգամ: Դրանք հրաշագործ թռչուններ են համարվում, որոնք պաշտպանել են Քաաբան Մեքքայում:

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրաքի Դոհուկ նահանգի Զախո քաղաքը հրթիռակոծվել էր, որի հետևանքով զոհվել էին 9 խաղաղ բնակիչներ, վիրավորվել՝ 23-ը: Իրաքյան կողմը Թուրքիային է մեղադրել հարձակման համար և  պահանջել դուրս բերել իր զինված ուժերը երկրի տարածքից:

 

 

 

Back to top button