Նորություններ

Ի՞նչ մտահոգություններ ունեն Մեծ Շենի և Հին Շենի բնակիչները Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի հետ կապված

«Ադրբեջանցի և թուրք շինարարները շատ ինտենսիվ կերպով աշխատում են, ուզում են արագ կերպով ճանապարհը շահագործման հանձնել: Դա Բերձորի միջանցքին փոխարինող նոր ճանապարհն է, որը Սյունիքի  Տեղ, Կոռնիձոր գյուղերով մտնելու է Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար հավանաբար մի քանի օրվա գործ է մնացել, դրանից հետո ճանապարհի կողքերի շինարարական աշխատանքները կանեն, իսկ թե ինչ կլինի, դա ոչ ոք չգիտի: Կարծում եմ՝ մի 2 ամսից ճանապարհը շահագործման կհանձնվի: Էնքան շատ են մտահոգությունները, եթե Բերձորն ադրբեջանցիներով բնակեցվի, ինչպե՞ս ենք մենք մեր վարելահողերին ու արոտավայրերին մոտենալու՝ Բերձորից մի 100 մետրի վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Շուշիի շրջանի Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը:

Հին Շենի գյուղապետի խոսքով՝ աչքդ բացում ես տեսնում ես՝ թուրքը քթիդ տակ շինարարություն է անում, էսօր  իրենք են որոշում, թե մեր ճամփեն որտեղով պիտի անցնի, հիմա մենք ի՞նչ կարող ենք անել:

«Ռուս խաղաղապահները գյուղում են, շատ դեպքերում թուրքը քաշվում է ռուսից, բայց դե մարդ պիտի խիղճը հանգիստ ապրի: Դե ապրում ենք էլի, էնքան լավ է, որ դեռ  մեր հող ու ջրի վրա ենք, բայց  ոնց կլինի, որ մարդ իր հողի վրա ապրի անորոշության մեջ:

Միամիտ պետք է լինես, որ հավատաս, թե թուրքը մեր համար ճամփա է սարքում կամ ուզում  է հարաբերություններ կարգավորել: Թուրքին ինչի՞ նոր ենք ճանաչում, նրանք միայն զավթել, պոկել գիտեն: Էսօր ճանապարհ են կառուցում, վաղն էլ Բերձորի վերահսկողությունը կվերցնեն, կասեն՝ Աղավնոն էլ է մերը, Սուսն էլ»,-նշեց Սամվել  Սարգսյանը:

Շուշիի շրջանի Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանի խոսքով՝ թուրքը կամաց-կամաց հասնում է իր ուզածին. քիչ է մնացել՝ կավարտեն ճանապարհի շինարարությունը. կամ մենք ենք մնալու այստեղ, կամ իրենք:

«Դա էլ արդեն մեր որոշելիքը չէ, ինչպես միշտ, կորոշեն մեր փոխարեն: Իրենք որոշում են, իսկ փաստի առաջ կանգնողը մենք ենք: Ես չեմ ու դուք, ասեք՝ 100.000 արցախցին կարո՞ղ է վերին խավերի որոշումների դեմ ընդվզել: Փողոց փակելով, եսիմ ինչով հարց չի որոշվում, Արցախ չի փրկվում:

Փորձում ենք այս դժվարին իրավիճակում էլ հույսներս չկտրել, մենք դեռ հույսեր ունենք, որ Արցախը կմնա որպես անկախ պետություն՝ հետագայում Հայաստանի  հետ միավորվելու ակնկալիքով: Եթե մենք մնանք որպես Արցախ, որպես հայկական պետություն, անվտանգային ոչ մի մտահոգություն չունենք, իսկ եթե Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, եթե Լաչինում իրենք լինեն, Շուշիում իրենք լինեն, իրենց մեջտեղում  հնարավոր չէ ապրել: Չգիտեմ՝ էս ամենի վերջը ինչ է  լինելու, էսօր յուրաքանչյուր արցախցի ուզում է էս անորոշությունն ավարտվի»,- եզրափակեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button