Նորություններ

27-ամյա կինը հարեւանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հափշտակել է 1 միլիոն 660 հազար դրամ

Հուլիսի 25-ին, երեկոյան ժամը ութին, Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում տվել էր հաղորդում, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դռան սողնակը բացել ու մտել են տուն և ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հափշտակել մեկ միլիոն 660 հազար դրամ:

Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների, նաև՝ վերլուծության շնորհիվ հաղորդումից մոտ երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվեց տուժած այգեձորցու 27-ամյա հարևանուհին: Ընդունելով մեղքը` նա պատմեց, որ դեռ հուլիսի սկզբներին, լինելով հարևանի տանը, ներքնակի տակից գողացել էր 200 հազար դրամ: Այնուհետև, արդեն հուլիսի կեսերին, իմանալով, որ տանը մարդ չկա, դռան փայտե սողնակը բացել ու նույն ներքնակի տակից տարել էր ևս 200 հազար դրամ: Դրանից հետո, օգտվելով տանտերերի անուշադրությունից, ևս հինգ անգամ արդեն սովոր տեղից տարել էր տարբեր չափի գումար: Կինը պատմեց նաև, թե ինչպես էր ծախսել փողը:

620 հազար դրամ փոխանցել էր իր բանկային քարտի հաշվին, 47 հազարը ձերբակալման պահին մոտն էր, 100 հազարը պահել էր տանը, իսկ մնացած փողով մարել էր գյուղի տարբեր խանութ-կրպակներում կուտակած պարտքը:

Կինը ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Back to top button