Նորություններ

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Կապանում վիճաբանության ժամանակ մարտական նռնակ են պայթեցրել

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանությունն ավարտվել է պայթյունով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։

Պարզվել է, որ նույն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Ղ․-ն բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ 35-ամյա Մհեր Մ․-ին, որից հետո առաջացել է վիճաբանություն։ Ու այդ ընթացքում Մհեր Մ․-ն գնացել է իր տուն, վերցրել «մարտական նռնակը», իջել բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, որից հետո Արթուր Ղ․-ն ծեծի է ենթարկել Մհեր Մ․-ին։

Ոստիկանները հայտնաբերել են երկուսին և ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և Մհեր Մ-ն ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button