ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններՏնտեսական

Ցախ ու աթար վառող, գերանդիով խոտ հնձող գյուղացու համար ևս մեկ հոգս. անցում անկանխիկ եղանակով վճարմանը

Հուլիսի 1-ից շրջանառության մեջ դրված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը մի շարք խնդիրներ է առաջացրել Շիրակի մարզի ոչ միայն տնտեսվարողների, այլև գյուղերի սովորական բնակիչների համար: Նրանց հոգսերին գումարվել է ևս մեկը. տեղական բյուջեին վճարվող հարկերն այսուհետ գանձվելու են անկանխիկ:

Ու սա այն դեպքում, երբ գյուղերում չկան փոստային տերմինալներ, բանկերի մասնաճյուղեր, գյուղացիները ստիպված են լինելու երթուղայինով քաղաք հասնել, տերմինալներին հավելյալ գումարներ վճարել, որ, ենթադրենք, 150 դրամ աղբահանության վարձ կամ 500 դրամ հողի հարկ մուծեն ու վերադառնան գյուղ:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ օրենքի այս պահանջը ժողովրդի մոտ արդեն դժգոհություններ է առաջացրել: Նա համոզված է, որ մինչ ընդունելը օրենքի նախագծի հեղինակները պետք է պարտադիր հանրային քննարկում անցկացնեին, որ իրենց ընդունած օրենքը հնարավոր լիներ տեղայնացնել:

Ըստ նրա՝ այս փոփոխությունը համայնքներում ուղիղ ձևով ազդելու է սեփական եկամուտների գանձումների վրա, հավաքագրումները նվազելու են, նաև գաղտնիք չէ, որ ժողովուրդը սովոր է, որ իրեն այցելի համայնքապետարանի գործակալը՝ գումար գանձելու: Իսկ այս դեպքում վճարները կպակասեն, ըստ Վարդան Իկիլիկյանի, առնվազն 20 տոկոսով:

Back to top button