Նորություններ

«Հիմա Ռուսաստանը թուլացած է և ավելի շատ զիջումների կարող է գնալ, իսկ Իրանը առաջին պլան է եկել հենց սահմանների պահպանության առաջնահերթությամբ»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր առաջնահերթություններ ունեն. Ադրբեջանի համար առաջնահերթություն է ամբողջովին տիրապետել Արցախին և կազմակերպել հայերի տեղահանությունը, ինչը Թուրքիայի համար երկրորդական հարց է:

«Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում լարվածությունը գնալով մեծանում է. և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը, մյուս կողմից էլ Չինաստանը իրար հակադիր կոալիցիաներ են ստեղծում, և աշխարհը գնում է երկբևեռ լարվածության: Այն երկրները, որոնք դոմինանտ դեր չունեին (Իրանը, Թուրքիան), նրանց դերը նույնպես մեծանում է: Այդ կոալիցիաների ձևավորման պրոցեսն է գնում, և ամենատաք կետերից մեկը Ուկրաինայից հետո Մերձավոր Արևելքն է, Հարավային Կովկասը և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի, ԱՄՆ ԿՀՎ տնօրենի, Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարի այցը, Թեհրանում տեղի ունեցած Ռայիսի-Պուտին-Էրդողան հանդիպումը այդ կոալիցիաների ձևավորման գործընթացի մեջ պետք է դիտարկել: Հետաքրքիր էր նաև այն, որ Նարիշկինը ասել էր, որ իր այցը ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրենի հետ կապ չունի, բայց ԿՀՎ-ի ղեկավարի այցը կարող է իր այցի հետ կապ ունի: Դրանից առաջ հայտարարվել էր Հայաստանում արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին, այդ ծրագիրը վաղուց կար:

Ստեփան Դանիելյան

Պատճառն այն է, որ Հայաստանում տարբեր հետախուզական ծառայությունները շատ ակտիվ են, եթե սահմանները բացվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ապա ներքին անվտանգության հարցերը կարևոր են, իսկ դա նաև արտաքին հետախուզության հետ է կապված: Եվ այստեղ կարևոր է, թե Հայաստանի հնարավոր հետախուզական ծառայության գործընկերը ով է լինելու և ում վերահսկողության տակ է գործելու, որովհետև դրա համար պետք է փորձ, կազմակերպչական հմտություններ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Թեհրանում տեղի ունեցած հանդիպումը Աստանայի ձևաչափն է, որը ստեղծվել է երկու նպատակով. առաջին՝ Արևմուտքին, ի դեմս ԱՄՆ-ի, դուրս թողնել Սիրիայի գործընթացից, և երկրորդ՝ հնարավորինս խուսափել այդ երեքի միջև ուղիղ բախումներից, հարցերը փորձել լուծել պայմանավորվածությունների միջոցով:

«Ըստ էության, Աստանայի ձևաչափը արդեն տարածվել է Հարավային Կովկասի վրա, և խնդիրներն այս դեպքում էլ կարծես երկուսն են. Արևմուտքին չեզոքացնել այս տարածաշրջանում, և երկրորդ՝ ուղղակի բախման չգնալ և հարցերը լուծել պայմանավորվածությունների միջոցով: Առաջին հերթին հնարավոր տաք գոտին Արցախի շուրջ է, հետո Սյունիքը»,- նշեց Դանիելյանը:

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ «Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը»։ Մասնագետները կարծիք հայտնեցին, որ դա խիստ զգուշացում էր Թուրքիային. Ձեր կարծիքով՝ ո՞ւմ էր ուղղված այս  ուղերձը, և Իրանի համար որո՞նք են կարմիր գծերը:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Դանիելյանը հայտարարեց.

«Ես կարծում եմ, որ դա  միանշանակ ուղղված էր Թուրքիային և Ադրբեջանին: Իրանի հոգևոր առաջնորդը մի կարևոր բան էլ ասաց, երբ ասաց՝ հազարամյա սահմանը: Այսինքն՝ սա Իրանի քաղաքականության մեջ է մտնում, որ Թուրքիան Հարավային Կովկաս կամ Իրանի հյուսիս չներխուժի: Իրանի համար շատ կարևոր է, որպեսզի հյուսիսային հատվածում լինի գոնե Ռուսաստանը, քան օսմանյան Թուրքիան: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ սա Իրանի համար ազգային անվտանգության խնդիր է»,- ընդգծեց քաղաքագետը:

Ռայիսի-Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանից մինչ այժմ հստակ քայլեր չեն տեսել, Հայաստանը միայն խոսում է խաղաղության մասին, թեև հենց իրենք են նախապայմանների և պարտադրանքի լեզվով խոսում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր է ակնկալում Թուրքիան Հայաստանից, ի՞նչ է ակնարկում Չավուշօղլուն:

Հարցին ի պատասխան՝ Ստեփան Դանիելյանը հայտարարեց.

«Թուրքիան և Ադրբեջանը տարբեր առաջնահերթություններ ունեն. Ադրբեջանի համար առաջնահերթություն է ամբողջովին տիրապետել Արցախին և կազմակերպել հայերի տեղահանությունը, ինչը Թուրքիայի համար երկրորդական հարց է: Թուրքիայի համար մեկ հարցը Սյունիքով «միջանցք» ունենալն է դեպի Ադրբեջան և հետագայում դեպի Կենտրոնական Ասիա, և այդ «միջանցքը» չհսկվի ռուսների կողմից:

Արցախի հարցը Թուրքիային հետաքրքիր չէ, ուղղակի Ադրբեջանն է պարտադրում Թուրքիային, որպեսզի այդ հարցը բերի առաջին պլան: Թուրքիան «Սյունիքի միջանցքի» և Արցախի հարցերի շուրջ ունի ակնկալիքներ Հայաստանից»,- շեշտեց Դանիելյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա ընթացքին, ապա չպետք է ջայլամի քաղաքականություն վարել, որովհետև Հայաստանը արդեն քաղաքական սուբյեկտ չէ, և հարաբերությունների կարգավորման հարցերը գնում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Ամեն ինչ կախված է այս երկրների առաջնահերթություններից: Հիմա Ռուսաստանը թուլացած է և ավելի շատ զիջումների կարող է գնալ կամ պիտի ժամանակ շահի մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը: Իրանի համար ավելի կենսական է, և Իրանն առաջին պլան է եկել հենց սահմանների պահպանության առաջնահերթությամբ:

Անահիտ Չալիկյան

Back to top button