Նորություններ

«Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարություններից ես չէի ցանկանա, որ մենք էյֆորիաների մեջ ընկնենք». Ա. Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Իրանը իհարկե ունի Հայաստանի հետ շահեր, բայց քանի դեռ գործնականում չենք տեսել Իրանի գործողությունները, դժվար է ասել՝ կոնկրետ հայտարարություններով կսահմանափակվի՞, թե՞ նաև կոնկրետ գործողությունների կդիմի:

«Ես չեմ կարծում, որ դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել, դա պարբերական բնույթ կրող հանդիպում է, սա Աստանայի ձևաչափն է, և Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան պարբերաբար հանդիպում ու քննարկում են սիրիական ճգնաժամը, Հարավային Կովկասի խնդիրները և այլ տարածաշրջաններում գոյություն ունեցող խնդիրները, որոնք առնչվում են այս երեք երկրներին: Այս հանդիպման ժամանակ կարծես թե կարևոր որոշումներ չեն կայացվել՝ ի տարբերություն նախորդ անգամների, երբ որոշվեց, որ Սիրիայում պետք է ստեղծվեն դեէսկալացիոն գոտիներ: Հանդիպումից հետո տարածված հայտարարությունների մեջ ես նոր բան չեմ տեսել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների Իրան այցին:

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակումը։ Ըստ Ձեզ՝ Իրանին կհաջողվի՞ նպաստել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման գործընթացի կանխմանը:

Արմեն Վարդանյանը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

Արմեն Վարդանյան

«Ես կարծում եմ, որ դա ոչ միայն Իրանին է մտահոգում, այլև Արևմուտքը նույնպես հստակորեն դեմ է, այդ մասին ամիսներ առաջ նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ իրենք դեմ են որևէ միջանցքային տրամաբանությամբ լուծման, և ասաց, որ «միջանցք» տերմինը վատ ասոցիացիաներ է առաջացնում: Այդ միջանցքը, ինչպես ցանկանում է տեսնել Ադրբեջանը, իրականություն չի դառնա: Հայաստանի տարածքով կարող են անցնել ճանապարհներ մայր Ադրբեջանից դեպի Նախիջևանի Հանրապետություն, բայց այդ ճանապարհների վերահսկողությունը լինելու է Հայաստանի Հանրապետությանը:

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարություններից ես չէի ցանկանա, որ մենք էյֆորիաների մեջ ընկնենք: Իրանը իհարկե ժամանակ առ ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հայտարարությունների մակարդակով խնդիրներ է ունենում, մեսիջներ է հղում այդ երկրներին, բայց մյուս կողմից գերազանց հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այնպես որ, գործնական առումով մենք դեռևս չենք տեսել լուրջ հակամարտություն Իրանի և այդ երկրների միջև: Շատ դժվար է ասել, թե Իրանը կգնա՞ կոնկրետ քայլերի այդ երկրների դեմ, եթե հանկարծ Ադրբեջանը ուժով կամ այլ միջոցով փորձի կյանքի կոչել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը:

Իրանը իհարկե ունի Հայաստանի հետ շահեր, բայց քանի դեռ գործնականում չենք տեսել Իրանի գործողությունները, դժվար է ասել՝ կոնկրետ հայտարարություններով կսահմանափակվի՞, թե՞ նաև կոնկրետ գործողությունների կդիմի: Մենք մինչ այժմ դրա նախադեպը չունենք, որ Իրանը կտրուկ գործողությունների դիմի այդ երկրների դեմ»,- ընդգծեց իրանագետը:

Իրանի հոգևոր առաջնորդը նաև գոհունակություն է հայտնել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ, արդյո՞ք սա նշանակում է, որ Իրանն ընդունում է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

Հարցին ի պատասխան՝ իրանագետը հայտարարեց.

«Իրանը բազմաթիվ անգամ հայտարարությունների մակարդակով շնորհավորել է Ադրբեջանին, այսպես կոչված, գրավյալ տարածքների ազատագրման կապակցությամբ: Նույնիսկ վերջին ամիսներին Իրանի և Ադրբեջանի միջև մի քանի համաձայնագրեր են ստորագրվել. օրինակ՝ Արաքս գետի ափին ամբարտակներ կառուցելու և Արաքս գետի ջուրը համատեղ օգտագործելու ուղղությամբ»:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հայկական կողմը պիտի կարողանա դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը, պետք է ձեռք բերենք նոր դաշնակիցներ և գործընկերներ և խորացնենք հարաբերությունները տարածաշրջանային տերությունների հետ, այդ թվում՝ Իրանի:

«Այս իմաստով ես կարծում եմ, որ մենք Իրանի հետ ավելի պիտի նախաձեռնողական լինենք, ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնենք:

Իրանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ծրագրեր է իրականացնում, որոնք զգալիորեն գերազանցում են Հայաստանի ծրագրերին: Այսինքն՝ երկկողմ տնտեսական լավ հարաբերությունները նաև որոշիչ են դառնում քաղաքական առումով: Եթե քաղաքական առումով ինչ-որ խնդիր է լինում, ապա փորձում են շատ արագ լուծել, որովհետև ունեն երկկողմ տնտեսական լուրջ կապեր»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button