Նորություններ

«Գյումրի տեղափոխված ռուսները ոչ միայն վարձով բնակարանների տարբերակներ են փնտրում, այլև կան մարդիկ, ովքեր գնել են բնակարաններ»

Անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Խաչատրյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Գյումրի տեղափոխված ռուսները ոչ միայն վարձով բնակարանների տարբերակներ են փնտրում, այլ նաև կան մարդիկ, ովքեր գնել են բնակարաններ:

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Գյումրիում ռուսաստանցի այցելուների մեծ ակտիվություն կա, ըստ այդմ էլ՝ բարձրացել են վարձով տրվող բնակարանների գները: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Elitar Realty» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Խաչատրյանի հետ:

«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Գյումրի տեղափոխված ռուսները ոչ միայն վարձով բնակարանների տարբերակներ են փնտրում, այլ նաև կան մարդիկ, ովքեր գնել են բնակարաններ: Վարձակալության գները, որպես այդպիսին, բարձրացել են, բայց մենք փորձում ենք սակարկել, որ հաճախորդը գոհ մնա: Եթե տեսնում ենք, որ վարձակալության գները շատ ուռճացված են, փորձում ենք այդ տարբերակները չվերցնել, որովհետև այդ տարբերակը ոչ ոքի չի հետաքրքրի: Ունեցել ենք հաճախորդներ, ովքեր մեկ տարի և ավելի ժամանակով են վարձակալել բնակարան, հաճախորդներ էլ ունենք, որ 2-3 ամսով են վերցրել: Եղել են նաև տարբերակներ, երբ մարդը վարձակալել է բնակարանը, իսկ հետագայում գնել այդ նույն բնակարանը. մոտավորապես 200-300 ռուս հաճախորդ ենք ունեցել:

Հաճախորդներ ունենք, որ նախապատվությունը տալիս են քաղաքի կենտրոնին, հնարավորինս մոտ իրենց  աշխատավայրին: Փորձում ենք կենտրոնական հատվածներում գտնել վարձով հարմար տարբերակներ: Կան նաև այնպիսի հաճախորդներ, ում համար կարևորը տուն լինի, որտեղ կարող են մնալ»,-իրավիճակը ներկայացրեց գործակալության մենեջերը:

Անի Խաչատրյանի փոխանցմամբ՝ հայ և ռուսաստանցի հաճախորդների համար վարձակալության գները տարբեր են. 2 սենյականոց բնակարանը հայ հաճախորդների համար 100.000 դրամ է, իսկ ռուս հաճախորդների համար՝ 120-150.000 դրամ:

«Օրավարձով տարբերակներ էլ ունենք, առաջարկում ենք մատչելի տարբերակներ 10.000-20.000 դրամի միջակայքում: Վարձակալության գնային տարբերակները բազմազան են, և փորձում ենք մեր հաճախորդներին օգնել, որպեսզի լավ տարբերակներ գտնեն:

Առավոտյան մի ռուս հաճախորդ ունեինք, նրան պետք էր 3 ամսով տարբերակ, այսինքն՝ աշխատանքից էր կախված. կամ կմնար Գյումրիում, կամ տեղափոխվելու էր Երևան: Վարձակալության գինը 120.000 էր դրված, մենք սակարկեցինք և առաջարկեցինք 100.000 տարբերակով: Մեր ռուս հաճախորդին Անի թաղամասում էինք տարբերակ առաջարկել, բայց այլ տարբերակ ուզեց, որովհետև հեռու էր կենտրոնից, և մենք մեկ օրվա մեջ այլ տարբերակ գտանք»,- նշեց «Elitar Realty» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Խաչատրյանը:

Լիանա Խոջոյանը, ով Ռուսաստանից է եկել Գյումրի, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց՝ երկար ժամանակ է փնտրել այն բնակարանը, որը կլինի հարմարավետ,  ու ամենակարևորը՝ կկարողանա տեղավորվել վարձավճարի մեջ:

«Ես երկար ժամանակով եմ եկել Գյումրի, ինձ հարմար տարբերակով բնակարան էր պետք, որը գտել եմ  և տվյալ պահին այդ տանն եմ բնակվում: Ընդհանուր առմամբ գոհ եմ տան հարմարավետությունից: Ինձ շատ տարբերակներ են առաջարկել, ընտրության հնարավորությունը լայն էր: Ես տեղավորվել եմ գնի մեջ, և այնպես չէ, որ հնարավոր չէ Գյումրիում հարմար գնով բնակարան գտնել»,- շեշտեց Լիանա Խոջոյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button