Նորություններ

Թուրքական կայք. «Հունական ու հրեական լոբբիները համագործակցում են Թուրքիայի դեմ»

Թուրքիային նոր սերնդի F-16 կործանիչների վաճառքի պայմանները խստացնող օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է հունական ու իսրայելական լոբբիստական ուժերի համատեղ ջանքերով: Այս մասին գրել է թուրքական «Akşam» իշխանամերձ թերթի կայքը՝ այդ համագործակցությունն անվանելով «կեղտոտ դաշինք»:

Թուրքական աղբյուրը հղում է արել հունական «Ekathimerini» թերթում հրապարակված «Թուրք-հունական լոբբիների պատերազմը Վաշինգտոնում» հոդվածին, որում խոսվում է այս հարցում հունական ու հրեական լոբբիստական ուժերի համագործակցության մասին:

Նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հավանությունը Թուրքիային կործանիչներ վաճառելուն շոկի է ենթարկել Հունաստանին, որից հետո հունական լոբբին նախաձեռնել է համագործակցություն հրեականի հետ: Արդյունքում ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ անդամներ Ֆրենք Փալոնն ու Քրիս Փափասն օրակարգ են բերել կործանիչների վաճառքը նախապայմաններով իրականացնելու վերաբերյալ օրինագիծ, որն ընդունվել է քվեարկության արդյունքում:

Նախագծով կործանիչների վաճառքի գործընթացում 2 նախապայման է ավելացվում:

Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է երաշխիքներ տրվեն առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:

Նախատեսվում է, որ ԱՄՆ սենատի հավանության դեպքում այդ օրինագիծը կկցվի 2023 թվականի համար ընդունված ԱՄՆ-ի  «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Back to top button