Նորություններ

«Թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական բանակցություններում գոյություն ունեն այնպիսի խնդիրներ, որոնք դժվար թե հնարավոր լինի լուծել մոտ ապագայում». Տ.Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ թուրքական կողմից տեղի է ունենում հարաբերությունների կարգավորման իմիտացիա: Թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական բանակցություններում գոյություն ունեն այնպիսի խնդիրներ, որոնք դժվար թե հնարավոր լինի լուծել մոտ ապագայում: Եթե թուրքական կողմը իսկապես հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ, ապա գործընթացները պետք է տարանջատել: Այս փուլում գլխավոր հարցն այն է, թե թուրքական կողմը իսկապե՞ս հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ, թե՞ պարզապես իմիտացիա է անում:

«Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպումը պարզ է, որ տեղի է ունեցել բանակցային գործընթացի ճգնաժամի ֆոնին, ակնհայտ է նաև, որ այդ հանդիպման միջնորդը Եվրամիությունն է եղել, քանի որ հանդիպման օրերին տարածաշրջանում էր գտնվում Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Հանդիպումից հետո տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ առանձնակի հիմքեր չկան լավատեսության համար. կողմերը հերթական անգամ կրկնել են իրենց դիրքորոշումները, չկար խոսք ապագա հանդիպումների մասին: Մի խոսքով՝ այս փուլում հայ-ադրբեջանական հարաբերությունների  բոլոր գործընթացներում կարելի է արձանագրել որոշակի լճացում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Արցախում
Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետի խոսքով՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» օրակարգի շուրջ կողմերի միջև   առանցքային խնդիրներ ու տարբերություններ գոյություն ունեն.

«Հայաստանը պնդում է, որպեսզի այդ պայմանագրի մեջ ներառված լինի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության և այլ հարցերին առնչվող կետեր, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Լեռնային Ղարաբաղի համար ինչ-որ հատուկ կարգավիճակ չի կարող լինել, Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնց իրավունքները  պաշտպանված են Սահմանադրությամբ: Ադրբեջանը առավելապաշտական դիրքորոշում ունի, որը թույլ չի տա այդ գործընթացում որևէ առաջընթաց:

Մոտ ապագայում չեմ կարծում, որ ինչ-որ ֆունդամենտալ արդյունքներ կարձանագրենք, հնարավոր են սիմվոլիկ քայլեր ու սիմվոլիկ պայմանավորվածություններ, բայց թե դրանք ինչքանով են մոտ հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ հարցում ես այնքան էլ լավատես չեմ»,- շեշտեց Գրիգորյանը:

Հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները արդեն չորս անգամ հանդիպել են, վերջին հանդիպումից  հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և օդային տրանսպորտով իրականացնել Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ:

Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Անկարան հակված է այս երկու գործընթացները փոխկապակցել, և սա խնդիր  է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Այսինքն՝ թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական բանակցություններում գոյություն ունեն այնպիսի խնդիրներ, որոնք դժվար թե հնարավոր լինի լուծել մոտ ապագայում: Եթե թուրքական կողմը իսկապես հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ, ապա գործընթացները պետք է  տարանջատել: Այս փուլում գլխավոր հարցն այն է, թե թուրքական կողմը իսկապե՞ս հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ, թե՞ պարզապես իմիտացիա է անում: Ես այն կարծիքին եմ, որ  թուրքական կողմից տեղի է ունենում հարաբերությունների կարգավորման իմիտացիա»,- եզրափակեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button