Նորություններ

«Թուրքիան և Ադրբեջանը սովորություն ունեն ստորագրած փաստաթղթերից հրաժարվել, մենք ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք». քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ բարդ է, մի քանի անգամ եղել են բանակցություններ, որոնք էդպես էլ պտուղներ չեն տվել: Թուրքիան և Ադրբեջանը սովորություն ունեն ստորագրած փաստաթղթերից, պարտավորություններից հրաժարվել: Այս երկրների համար սովորական բան է ստորագրված փաստաթղթի կեղծ մեկնաբանությունը:

«Թուրքիան, երբ 1993թ.-ին փակեց սահմանը, որոշակի հաշվարկներ ուներ, այսինքն՝ դրանով փորձում էր հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի ադրբեջանամետ կարգավորմանը: Չպետք է մոռանանք, որ հիմա երբ սահմանը բացի, դրա տակ ևս ինչ-որ հաշվարկներ են լինելու: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ բարդ է, մի քանի անգամ եղել են բանակցություններ, որոնք էդպես էլ պտուղներ չեն տվել: Թուրքիան և Ադրբեջանը սովորություն ունեն ստորագրած փաստաթղթերից, պարտավորություններից հրաժարվել:

Այս երկրների համար սովորական բան է ստորագրված փաստաթղթի կեղծ մեկնաբանությունը, օրինակ՝ մենք մի բան ենք հասկանում տարածքային ամբողջականության տակ, Ադրբեջանը՝ ուրիշ, միջազգային հանրությունը՝ այլ բան: Մենք ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ալեքսանդր Մանասյան

Քաղաքագետն ասում է, որ ոչինչ չպետք է բացառել, ամեն մարուք պիտի հաշվի առնել և չմոռանալ, որ թուրքը մնում է թուրք, ուզում է հարյուրավոր տարիներ անցնեն:

«Բանակցությունների հետագա ճակատագիրը կախված է մեր վարպետությունից, այսինքն՝ մենք կկարողանա՞նք տեսնել վտանգները, դրանք կասեցնել, արդյո՞ք կզգանք ստորագրվելիք փաստաթղթի տեքստում թաքնված թուրքամետ նպատակները, թե՞ չենք զգա: Ես չեմ կարող սպասելիք ունենալ մի գործընթացից, որի շրջանակում ատորագրվելիք փաստաթուղթը չեմ կարդում, չեմ տեսնում, թե ինչեր են թաքնված այդ կետերի տակ, կամ ինչ են այնտեղ պայմանավորվում:

Եթե խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, պիտի նաև ասենք, որ Թուրքիան չի դադարել Թուրքիա լինելուց, և դրա թարմ ապացույցը Արցախյան 44-օրյա պատերազմն էր:

Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ պիտի կարողանանք ճիշտ հարաբերվել և կարևորը՝ բոլորի հետ: Պետք է նկատի ունենալ, որ այսօր թուրքական գործոնը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև միջազգային ասպարեզում փորձում է ստանձնել նոր դերակատարություն: Թուրքիան փորձում է օգտվել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վերածված ուկրաինական ճգնաժամից և փորձում է այստեղ գառան դեմքով ներկայանալ, որպես խաղաղասեր երկիր, որի համար տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր է: Թուրքիան դա անում է ոչ թե հանուն խաղաղության, այլ քաղաքական դիվիդենտներ է շահում, որը օգտագործելու է ստեղծված իրավիճակին համապատասխան:

Մի կարևոր հանգամանք էլ կա, որը պետք է միշտ հիշել. միջազգային հարաբերություններում գոյություն չունի «լավություն անել» հասկացությունը, այսինքն՝ եթե որևէ մի երկիր միջնորդում է, որպեսզի երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն, ապա դա նշանակում է, որ այդ միջնորդ կողմը այդտեղ նաև իր շահն ունի, և բնական է, որ ոչ ոք իր շահերին հակառակ որևէ պետության չի օգնի:

Կարող ենք ասել, որ գործընթացի հետագա զարգացումները կախված են նաև այն բանից, թե ինչպես կվերջանա ռուս-ուկրաինական հակամարտությունը»,- եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button