ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Գյումրու Վարդանանց հրապարակը վերածվել էր արվեստի ու արհեստի թանգարանի. տեղի է ունեցել «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը

Սիրիահայ Մարալ Շէօհմելեանը ասեղնագործության ժողովրդական վարպետ է, արդեն յոթ տարի տեղափոխվել է Հայաստան և զբաղվում է ձեռագործ աշխատանքներով: Մարալի ձեռքով իրերը կյանք և շնչառություն են ստանում, ցուցադրում է իր սիրելի արծաթե վզնոցն ու ասում՝ ամեն ինչի մեջ պիտի սեր ու հոգի դնես, սիրով ծնված ստեղծագործությունները գեղեցիկ են ստացվում:

«Այստեղ դուք տեսնում եք ձեռքի աշխատանքներ, սփռոցներից սկսած՝ մինչև պայուսակներ ու կոշիկ: Հրավեր ստացա և մեծ ոգևորությամբ եմ ներկայացել, իհարկե պատասխանատվության չափը մեծ էր, որովհետև դու գալիս ես Գյումրի՝ մշակույթի մայրաքաղաք, որտեղ մարդկանց այնքան էլ հեշտ չէ զարմացնելը: Շատ հետաքրքիր է գյումրեցիների մոտեցումը արհեստի և արվեստի հանդեպ, այս քաղաքի ամեն քարի, դարպասի մեջ ես տեսնում եմ արհեստ ու արվեստ:

Մինչև նման մրցույթների մասնակցելը իմ ասեղնագործ աշխատանքները իմ տան համար էին նախատեսված, հիմա այդ ամենը ես վերածել եմ բիզնես գաղափարի, համագործակցում ենք արտասահմանյան կազմակերպությունների հետ՝ փորձելով աշխարհին ցույց տալ հայ կնոջ ձեռքի շնորհքը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է սիրիահայ Մարալ Շէօհմելեանը:

Տիկին Մարալը ասում է, որ Հայաստանում դժվար է բիզնես սկսելը, բայց պիտի չվախենաս ո՛չ մրցակցությունից, ո՛չ էլ քեզ վրա անընդհատ աշխատելուց: Հենց դադարեցիր ինքդ քեզ վրա աշխատելը, դա լճացման կհանգեցնի:

Այսօր Գյումրու Վարդանանց հրապարակը վերածվել էր արվեստի ու արհեստի թանգարանի. արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների և անմոռանալի զգացողությունների կենտրոն: Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու Հայաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին: «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը։

Գյումրեցի Նարինե Ազարյանը ներկայացնում է «Մշակութային և անտիկ իրերի» սրահ կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2019թ.-ին:

«Մեր սրահի բացման հիմնական նպատակն է սրահում ներկայացնել գյումրեցի վարպետների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև անտիկ, միջնադարյան ժամանակաշրջանի իրեր և եզակի նմուշներ: Մենք հաճախակի ենք մասնակցում նման ֆեստիվալների:

Հարյուրամյակներ շարունակ Գյումրին համարվել է արհեստների և արվեստների կենտրոն, և ամեն մի ընտանիք իր մասնակցությունն ունի դրանում: Շատ բարձր եմ գնահատում նման մշակութային միջոցառումների անցկացումը, որովհետև դա կարևոր խթան է Գյումրու զարգացման համար:

Գյումրին թանգարան է բաց երկնքի տակ և այսօր դարձել է մշակույթի կենտրոնը»,- եզրափակեց Նարինե Ազարյանը:

Փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև մինչև սեպտեմբեր այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button