Իտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Դրագիի հրաժարականը

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը, հայտնում է Ansa-ն։
Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարական կտա, քանի որ իր կառավարությունը կորցրել է բոլոր քաղաքական ուժերի միաձայն աջակցությունը։
«Հինգ աստղ» կուսակցությունը դադարեցրել է կառավարության որոշ որոշումների աջակցությունը։ Դրագին անհնար է համարել շարունակել աշխատանքը, քանի որ երդմնակալության ժամանակ խոստացել է համագործակցել բոլոր կողմերի հետ։
Դրանից հետո աջակողմյան կուսակցությունների առաջնորդներն առաջարկել են երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Պետք չէ վախենալ, որ իտալացի ընտրողները որոշեն այս հարցը»,- ասել է աջակողմյան «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին։ Միաժամանակ նա նշել է, որ իր կուսակցությունը մինչև վերջ աջակցել է Դրագիի կառավարությանը։
Սալվինին ներկայիս քաղաքական ճգնաժամի մեղքը բարդել է «Հինգ աստղ» շարժման վրա, որը հակասության մեջ է մտել վարչապետի հետ։