Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ճապոնիայի նախկին վարչապետին սպանած տղամարդն իր զենքը պատրաստել է YouTube-ի տեսանյութերի միջոցով

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ կատարած 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին հարցաքննության ժամանակ հայտնել է, որ սպանության գործիք հանդիսացող զենքը  պատրաստել է՝ օգտագործելով YouTube վիդեոհոսթինգի տեսանյութերը, իսկ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները պատվիրել է համացանցի միջոցով: Նրա խոսքերը մեջբերում է Yomiuri Shimbun թերթը։

Նա հայտարարել է, որ մահափորձը նախապատրաստել է նախորդ տարվա աշնանից։ Միաժամանակ, Յամագամին ընդգծել է, որ հրաժարվել է պայթուցիկ սարքի միջոցով Աբեին սպանելու ծրագրից։

«Ես ռումբ չօգտագործեցի, քանի որ այն կարող էր սպանել շատ պատահական մարդկանց», — ասել է նա հարցաքննության ժամանակ։

Sun Myung Moon Unification Church կրոնական կազմակերպությունը հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում բացահայտել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանած անձի մայրը կազմակերպության անդամ է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Տեցույա Յամագամին, ով կրակել է Աբեի վրա, ասել է, որ իր թիրախը եղել է «ինչ-որ կազմակերպություն», որին մայրը մեծ նվիրատվություններ է արել և դրանով իսկ քանդել իր ընտանիքը։ Տղամարդը կարծել է, որ նախկին վարչապետն ինչ-որ կերպ կապված է այդ կազմակերպության հետ։ Ինքը՝ Յամագամին, կազմակերպության անդամ չէ։

Back to top button