Նորություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Գառնի-Արտաշատ ճանապարհին բախվել են Nissan Tiida-ն ու Opel Zafira-ն. կա 4 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button