«Մեր տներից պարզ երևում են ադրբեջանցիների դիրքերը». ի՞նչ իրավիճակ է Ելփինում և Խաչիկում

«Պատերազմից հետո սա առաջին դեպքն էր, թե ինչ նպատակ ունեն, ինչ են ուզում դրանով ցույց տալ, ես չեմ կարող ասել: Էս պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա: Դեպքից հետո գյուղը վնասներ չի կրել, վիրավորներ չունենք… թափառող պատրոն է եղել, ճանապարհին կայանված մեքենան էր վնասվել, մեքենայի տերը մեր գյուղից չէ: Տուժածներ չկան, ոչ մի լուրջ բան չկա։ Ելփինը սահմանակից գյուղ է, թուրքի պոստից մի քանի մետր է հեռու, նման միջադեպեր իհարկե կլինեն: Մեր տներից պարզ երևում են ադրբեջանցիների դիրքերը, վերջին անգամ մոտ երեք տարի առաջ էր թուրքի փամփուշտը հասել գյուղ, տներից մեկի տանիքն էր վնասվել, բարեբախտաբար վիրավորներ չկային»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Վայոց ձորի Ելփինի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները Ելփինը 90-ականներին ավելի հաճախ էին թիրախավորում, այդ ժամանակ գյուղով հերթապահություն են իրականացրել, ասում է՝ ինչից պիտի վախենանք:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։
Նշենք նաև, որ հուլիսի 4-ին՝ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։
Խաչիկ համայնքից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ իրենց գյուղում եւս իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա, մարդիկ իրենց ամենօրյա աշխատանքներով են զբաղված: