Նորություններ

«Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը կանգ կառնի այն զիջումների վրա, որը մինչև հիմա պահանջել է». Դ. Հարությունով

Քաղաքագետ Դավիթ Հարությունովի խոսքով՝ ամենամեծ մտավախությունը, որը հիմնավորված է, այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը կանգ կառնի այն զիջումների վրա, որը մինչև հիմա պահանջել է, և հետագայում նոր զիջումներ չեն պարտադրի:

«Ադրբեջանական կողմի նպատակները չեն փոխվել. Ադրբեջանը պատերազմից հետո սահմանային միջադեպերով փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի շտապ կերպով իրականություն դարձնի իր առջև դրված նպատակները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանի ճշտում Ադրբեջանի համար շահավետ տարբերակով, որի վերջնարդյունքը խաղաղության պայմանագիրն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը:

Քաղաքագետի խոսքով՝ այնպես չէ, որ Ադրբեջանի նպատակը միայն շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելն է, նրանք կոմունիկացիաների հետ կապված նպատակ ունեն, որը տարանջատում են ընդհանուր պրոցեսից:

Դավիթ Հարությունով

«Քանի որ Հայաստանը պատերազմում պարտություն է կրել, Ադրբեջանը անընդհատ նոր զիջումներ է կորզելու, խոսքը այն մասին է, որ հայկական կողմը պիտի գնա ինչ-որ զիջումների և դրա դիմաց ստանա խաղաղություն, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացում: Եվ եթե հայկական կողմը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում գնա զիջումների, ապա դա անկախ խաղաղության պայմանագրից՝ Ադրբեջանի համար շահավետ  կլինի:

Ամենամեծ մտավախությունը, որը հիմնավորված է, այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը կանգ կառնի այն զիջումների վրա, որը մինչև հիմա պահանջել է, և հետագայում նոր զիջումներ չեն պարտադրի:

Անվտանգության տեսանկյունից էլ իրավիճակը անկայուն է, որովհետև Հայաստանը կախված է Ռուսաստանից, իսկ այս պահին Ռուսաստանը բավականին բարդ իրավիճակում է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով: Էս առումով էլ բավականին լուրջ ռիսկեր կան, բայց չկա ոչ մի երաշխիք, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո կայունություն կլինի»,- ընդգծեց քաղաքագետը:

Դավիթ Հարությունովը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, հայտարարեց.

«Հայաստանի համար անբարենպաստ պայմաններում է պարտադրվում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Հիմնական ուժի կենտրոնները, անկախ իրենց հակասություններից, պահանջում են և ճնշում են գործադրում, որպեսզի պրոցեսը սկսվի: Հայաստանն էլ փոքր ռեսուրսներ ունի այդ ճնշմանը դիմադրելու համար, և դրա արդյունքում առաջանում է փակուղային բարդ իրավիճակ: Փաստացի պրոցեսը անբարենպաստ է Հայաստանի համար, բայց դրա այլընտրանքային տարբերակը չկա սեղանի վրա, այսինքն՝ Հայաստանը ոնց կարող է  խուսանավել այդ պրոցեսից:

Ընդդիմադիր գործիչների հայտարարություններին եմ հետևում, նրանք այլընտրանք չեն առաջարկում, ընդամենը ասում են, որ Հայաստանը չպետք է մասնակցի այդ պրոցեսներին, բայց չպետք է մոռանալ, որ կա արտաքին ճնշում:

Իրավիճակը ունիկալ է այն առումով, որ չկան ուժի կենտրոններ, որոնց համար գործընթացի ձգձգումը շահավետ կլինի:

Նույնիսկ Իրանը, որ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է անում, խոսում է կարմիր գծերի մասին, բայց Ադրբեջանի հետ ակտիվ համագործակցության մեջ է կոմունիկացիաների առումով, Արցախից օկուպացրած տարածքների հարցում: Այսինքն՝ Իրանի հայտարարությունները ոչ թե բուն պրոցեսը մերժելու մասին են, այլ խոսքը գնում է ինչ-որ պայմանների մասին, որոնք իրանական կողմի համար կարող են անընդունելի լինել»,- եզրափակեց քաղաքագետ  Դավիթ Հարությունովը:

Անահիտ Չալիկյան

Back to top button