Նորություններ

Փամփուշտը մտել է ավտոմեքենայի մեջ, մյուս կողմից դուրս եկել եւ կպել պատին. Ելփինի գյուղապետը մանրամասներ է պատմում

Վայոց Ձորի Ելփին գյուղում հակառակորդի կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է։  Գյուղապետ Անդրանիկ Աղախանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մի քանի րոպեի ընթացքում չորսից հինգ կրակոց է հնչել։

«Այս պահին իրավիճակը գյուղում հանգիստ է, մեզ մոտ ժամանակ առ ժամանակ հնչում են կրակոցներ: Բնակիչների մոտ խուճապ չկա: Այս անգամ մի քանի րոպեի ընթացքում չորսից հինգ կրակոց է հնչել, մեծ տրամաչափի փամփուշտներ էին, ձայնը ուժեղ լսվել է»,– պատմեց նա:

Անդրանիկ Աղախանյանը նշեց, որ գյուղից մի մեքենա է վնասվել: «Բնակիչները գյուղից գնում էին դեպի Երեւան, ճանապարհին կանգ են առել, որ ուտելիք գնեն, այդ պահին փամփուշտը մտել է ավտոմեքենայի մեջ, մյուս կողմից դուրս եկել եւ կպել պատին: Կոնկրետ այդ հատվածը թիրախավորվող հատված չէր, ենթադրում եմ՝ փամփուշտն է շեղվել ուղղությունից եւ հասել ավտոմեքենան»,- պատմեց գյուղապետը:

news.am

Back to top button