Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes ML-ն ու Kia Forte-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն  ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ալեքսան Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մնացականյանն ու կրտսեր պարեկ Լեվին Մուքայելյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ  Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ն. Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button