ՄիջազգայինՆորություններ

Բորիս Ջոնսոնը հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքելու մասին

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հեռանում է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից, սակայն նա կշարունակի պաշտոնավարել, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել նոր առաջնորդին։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:

Դաունինգ սթրիթում՝ վարչապետի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին և Բրիտանիայի ժողովրդին աջակցության համար և ասել, որ աներևակայելի տխուր է «աշխարհի լավագույն աշխատանքը» թողնելու համար։

Նա դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ ընդգծելով, որ հրաժարականից հետո իր կաբինետը կշարունակի աջակցել Ուկրաինային:

Նոր վարչապետը կստանձնի պաշտոնը հոկտեմբերին՝ կուսակցության համաժողովի ժամանակ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունում վարչապետի վստահության հետ կապված լուրջ ճգնաժամը գագաթնակետին է հասել այս շաբաթ։

Ջոնսոնի հեռանալը նրա կառավարության անդամների աննախադեպ ճնշման արդյունքն էր: Ավելի քան 50 նախարար և բարձրաստիճան պաշտոնյա վերջին օրերին հրաժարական են ներկայացրել:

Հունիսի սկզբին Ջոնսոնին անվստահություն հայտնելու քվեարկություն է անցկացվել խորհրդարանում: Այն նախաձեռնել են Պահպանողական կուսակցության 54 պատգամավոր, որոնք վրդովված էին Դաունինգ սթրիթում 2020-2021 թվականներին անցկացված երեկույթների մասին զեկույցից, երբ երկրում խիստ կորոնավիրուսային լոկդաուն էր սահմանված:

Վերջին հարվածը Ջոնսոնի կառավարության անդամ Քրիս Փինչերի հետ կապված սկանդալն էր, ով մեղադրվում էր տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Back to top button