ՆորություններՏնտեսական

«Եթե հիմա սննդամթերքի դեպքում մենք ունենք երկնիշ գնաճ, ապա տարեվերջին գնաճ կունենանք բոլոր ապրանքների մասով». Ս. Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ԿԲ-ն ի վիճակի չէ լուծել կամ վերահսկել էկոնոմիկայի նախարարության ձախողած քաղաքականության հետևանքները:

«Կենտրոնական բանկը, որը պատասխանատու է գների կայունացման համար, պլանավորել էր, որ այս տարի գնաճը պետք է լինի 4% (+/-) 1.5%, այսինքն՝ առավելագույնը պետք է կազմեր 5,5%: Ակնհայտ է, որ ԿԲ-ն ձախողել է իր դրամավարկային քաղաքականությունը և չի կարողանալու հասնել իր սահմանած գնաճի մակարդակին, այսինքն՝ առավելագույն 5,5%-ին: ԿԲ-ի  այս  անհեռատես քաղաքականությունը մեծ վնասներ է հասցնում մեր տեղական արտադրողներին և արտահանողներին, ինչի պատճառով կարող են փակվել հազարավոր աշխատատեղեր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ երբ ռուսական տրանսֆերտները, արտահանման հոսքերը դադարեն կամ սահմանափակվեն, ապա դրամի փոխարժեքը կտրուկ բարձրանալու է, և մենք ունենալու ենք բավականին խոշոր ինֆլյացիա, և եթե հիմա սննդամթերքի դեպքում մենք ունենք երկնիշ գնաճ՝ մոտավորապես 17-18%, ապա տարեվերջին գնաճ կունենանք բոլոր ապրանքների մասով:

Սուրեն Պարսյան

«Սա բավական լուրջ  սոցիալական հետևանքներ է առաջացնելու բնակչության համար: Հիշեցնեմ, որ այս տարի կենսաթոշակների, նպաստների բարձրացում չի եղել, դրան գումարած՝ աշխատավարձերի համաչափ աճ էլ չունենք, հատկապես պետական սեկտորում, որտեղ աճը ընդամենը 4,5% է կազմել այն դեպքում, երբ գնաճը 8,1% է: Պետական սեկտորի շուրջ  250.000 աշխատող անցած տարվա իրենց ցածր աշխատավարձով ավելի շատ ապրանքներից և ծառայություններից են օգտվել, քան այս տարվա «բարձրացված» աշխատավարձով: Նշեմ նաև՝ երբ կառավարությունը հայտարարում է, որ ընդհանուր, միջին, անվանական աշխատավարձն աճ է գրանցել, օրինակ՝ մասնավոր սեկտորում 17-18%, ապա պետք է հասկանալ, որ այդ աճը ոչ բոլոր  ոլորտներում է գրանցվել: Այդ աճը գրանցվել է IT ոլորտում, հանրային ծառայությունների, անշարժ գույքի ոլորտում, իսկ մյուս ոլորտներում կամ աճ չունենք, կամ աճը շատ քիչ է: Ակնհայտ է, որ նաև մասնավոր սեկտորում կլինի կենսամակարդակի էական վատթարացում, ինչի արդյունքում կավելանա աշխատող աղքատների թիվը, այսինքն՝ մարդն ունի աշխատանք, շարունակում է մնալ աղքատ, որովհետև իր եկամուտով չի կարող հոգալ իր նվազագույն պահանջները»,- նշեց Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ այս թանկացումները պայմանավորված են ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններով։

«Տնտեսական սանկցիաները ազդեցություն են  թողել համաշխարհային գների վրա, և Հայաստան ներկրվող ապրանքները փաստացի թանկացել են:

Մենք ունենք ներքին խնդիրներ, մասնավորապես գյուղոլորտի հետ կապված։ Հունիս ամսվա բարձր գնաճի վրա մեծ ազդեցություն է թողել նաև գյուղատնտեսության ոլորտի շարունակվող անկումը, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գյուղոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս։

Այդ անկումը հանգեցրել է բանջարեղենի, մրգերի գների շեշտակի աճի: Եթե գյուղոլորտում ունենայինք աճ կամ աճի որոշակի դինամիկա, ապա սննդամթերքի գները ոչ թե կաճեին 17 տոկոսով, այլ՝ 10 տոկոսով: Ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է նաև գյուղատնտեսական քաղաքականությունը, որն էլ ավելի է նպաստել գնաճին:

ԿԲ-ն ի վիճակի չէ լուծել կամ վերահսկել էկոնոմիկայի նախարարության ձախողած քաղաքականության հետևանքները»,- ընդգծեց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ կառավարությունը պետք է ամբողջությամբ վերանայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ավելի արդյունավետ և հասցեական ծրագրեր նախատեսի ՓՄՁ-ների համար, տեղական արտադրողների համար դրամավարկային քաղաքականությունը պետք է ամբողջությամբ փոխել:

Անահիտ Չալիկյան

Back to top button