ՌԴ քաղաքացիներն ինչպես եկան, այնպես էլ արագ հեռացան. որքա՞ն մարդ մնաց Հայաստանում
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին 845.504 մարդ է մուտք գործել Հայաստան, հեռացել՝ 853.497 մարդ:
ՀՀ քաղաքացիներից 351.671 մուտք է եղել, երկրից հեռացել է 383.634 ՀՀ քաղաքացի: Մեկնումների և վերադարձի բացասական հաշվեկշիռը կազմում է -31.963:
Հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ նախորդ ամիսներին մեծ թվով ռուսաստանցիներ ժամանեցին Հայաստան:
ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է եկել 269.369 ՌԴ քաղաքացի, իսկ հեռացել 252.742 (հասկանալի է, որ այս տվյալներում մեծ կլինի ՌԴ քաղաքացիություն ստացած հայերի թիվը): Տարբերությունը դրական է, կազմում է +16627:
Մեծ թվով ռուսաստանցիներ եկել են Հայաստան հատկապես ապրիլ–մայիս ամիսներին՝ համապատասխանաբար 55.070 և 72.182 ՌԴ քաղաքացի:
ՌԴ քաղաքացիներից հետո Հայաստան ժամանողների մեջ մեծ թիվ են կազմում Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելառուսի քաղաքացիները:
Բելառուսից Հայաստան մուտքերը կրկին ակտիվացել են ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Հինգ ամսվա ընթացքում այս երկրից Հայաստան է եկել 8.398 մարդ, հեռացել՝ 7.808-ը:
Դիտարկենք Ուկրաինայից Հայաստան ժամանողների թիվը. 10.019 մուտք և 9.530 ելք: Ուշագրավ է, որ պատերազմը առանձնապես չի փոխել այս երկրից Հայաստան մուտքերի թիվը: Տարբեր տվյալների համաձայն՝ Ուկրաինայում ապրում է շուրջ 400.000 հայ: Շատերը ունեն այդ երկրի քաղաքացիություն: Ակնհայտ է, որ պատերազմը նրանց Հայաստան չի բերել: