Նորություններ

Կրթություն, ժամանց, զարմանք. Գյումրիում բացվել է իլյուզիաների թանգարանը

Մասնագիտությամբ տնտեսագետ Գրիշա Ամիրխանյանն ու ինժեներ Մեսրոպ Հակոբյանը դեռևս երեք տարի առաջ որոշել էին իլյուզիաների թանգարան ստեղծել:

Նման թանգարան հիմնադրելու գաղափարն իրականություն դարձնելու համար Գրիշան և Մեսրոպը տարբեր երկրներում 8 իլյուզիաների թանգարան են այցելել, հանդիպել հիմնադիրների հետ, որոնք կիսվել են իրենց փորձով ու գիտելիքներով. այնուհետ նրանք մշակել են իրենց տարբերակը։

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր:

«Դեռ այն ժամանակ, երբ թանգարանի ստեղծումն ընդամենը գաղափար էր, երկու քաղաք կար, որտեղ դիտարկում էինք թանգարանի բացումը՝ Երևանը և Գյումրին: Ինչո՞ւ ընտրեցինք Գյումրին, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է այստեղ դինամիկ կերպով տուրիզմը զարգանում: Գյումրին մշակութային առումով բավականին զարգացած է, կան բազմաթիվ թանգարաններ, մշակութային այլ վայրեր, որտեղ զբոսաշրջիկներն այցելում են, բայց այդ ամենին պետք է ավելացվի նաև ժամանցը: Այցելուների  թիվը  խոսում է այն մասին, որ մեր ակնկալիքները գերազանցում է: Մինչև թանգարան այցելելը լսել ենք, որ մարդիկ դժգոհում են, որ գինը թանկ է, բայց վստահեցնում եմ ձեզ, որ մի այցելու չենք ունեցել, որ թանգարանից դուրս գա և ասի, որ թանկ էր… մենք տարբեր գնային առաջարկներ ունենք, 4500 դրամը ամենաթանկն է, բայց, չգիտես ինչու, մարդիկ ֆիքսվում են 4500-ի վրա:

Իլյուզիաների թանգարանը մասնավոր է, և համեմատել պետական ֆինանսավորմամբ աշխատող թանգարանների հետ այնքան էլ ճիշտ  համեմատություն չէ: Թանգարան այցելողները համոզվում են, որ սա դասական թանգարան չէ, այն իր մեջ պարունակում է կրթություն, ժամանց, զարմանք: Այստեղ այդ երեք երևույթները հանդիպում են, և մարդիկ այնպիսի  էմոցիաներով են դուրս գալիս, որ մենք գտնում ենք, որ ճիշտ ենք աշխատում: Մեզ համար ամենակարևոր գնահատականը մարդկանց այստեղից ժպիտով ճանապարհելն է»,- նշեց  թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը:

Նրա խոսքով՝ թանգարանն առաջին  հերթին գյումրեցիների համար է, բայց  առանց զբոսաշրջիկների թանգարանը շատ կարճ կյանք կունենա:

«Ամեն ինչ մտածված է այնպիսի ճշգրտությամբ, որ ամեն տարիքային խումբ կարողանա գտնել իր  հետաքրքրությունը: Փորձել ենք համադրել տարբեր հետաքրքրություններ, որ մարդիկ  ընտանիքով գան, և տատիկ-պապիկներին, և ծնողին, և ուսանողին ու աշակերտին հետաքրքիր լինի: Իրականության ու խաբկանքի  արանքում այցելուն կսկսի շփոթվել, կասկածել, զարմանալ ու արդեն մի քանի անգամ ստուգել, շոշափել  իրերը, պատերից կախված անշարժ ու թվացյալ շարժվող  պատկերները»,- ընդգծեց Գրիշա Ամիրխանյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button